Ի տարբերություն ժամանակակից որոշ լեզուների` արդի հայերենում կետադրական նշաններին ավելի մեծ կարևորություն է տրվում: Տրոհության և բացահայտության նշաններն օգնում են ավելի հստակ հասկանալ նախադասությունը, բառերի քերականական հարաբերությունները, իսկ առոգանության նշանների շնորհիվ զգում ենք իմաստային նրբերանգները, խոսողի տրամադրությունը:
Վերջին շրջանում, չգիտես ինչու (հավանաբար անհոգության պատճառով), մամուլում մի տեսակ մոռացության են մատնվել բացահայտության նշաններից չակերտները: Պետք է հիշել, որ չակերտներում են գրվում ոչ միայն ստեղծագործությունների անունները, ուրիշի ուղղակի խոսքն ու մեջբերումները, այլև խանութների, թերթերի, կայքէջերի, սոցիալական ցանցերի («Ֆեյսբուք»), հյուրանոցների, սրճարանների հատուկ անունները: Չակերտներում են գրվում նաև խորհրդանշական անվանակոչումով հաստատությունների անունները` «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամ, «Հույսի կամուրջ» կազմակերպություն, «Քվանտ» վարժարան և այլն: