Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսի ավարտից րոպեներ առաջ խաղադաշտ է մտել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը՝ հոր նկարով շապիկը հագին` «Ազատություն Շանթ Հարությունյանին և Հայաստանի մյուս քաղբանտարկյալներին» պաստառը ձեռքին, ինչից անմիջապես հետո մրցավարը դադարեցրել է խաղը, իսկ ոստիկանները Շահենին հեռացրել են դաշտից: Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Շահեն Հարությունյանը չցանկացավ մանրամասնել` արդյո՞ք իր նկատմամբ ոստիկանների կողմից եղել է բռնություն, թե ոչ: Շահենը նշել է, որ տվյալ խնդրի մասին բարձրաձայնել է իր մայրը և ավելի ճիշտ կլինի հենց վերջինիս դիմել:
«Ոստիկանության բաժին տանելու ճանապարհին բռնություն եղել է, կոպիտ են վերաբերվել Շահենին, նույնիսկ կոկորդից այնպես են սեղմել, որ համարյա շնչահեղձ է եղել, ոլորել են ոտքերը և ձեռքերը, և մի քանի այլ բաներ, որոնց մասին չէի ցանկանա լրատվամիջոցներին հայտնել: Ընդհանուր առմամբ՝ անմարդակային վերաբերվում ենք ցուցաբերել, նույնիսկ երբ ուզել է խոսել, այնպես են բռնել կոկորդից, որ չի կարողացել արտահայտվել»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շահեն Հարությունյանի մայրը` Ռուզաննա Բադալյանը:
Վերջինիս խոսքով` ոստիկանությունում իր որդին որևէ բռնության չի ենթարկվել, ուղղակի նրան պահել են այնտեղ մինչև ֆուտբոլային հանդիպման ավարտը:
Ռուզաննա Բադալյանը նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ ինքը միակ մարդն էր, ում Շահենը տեղեկացրել էր իր գաղափարի մասին, ապա նաև թույլտվություն խնդրել.
«Խաղից մի քանի օր առաջ Շահենը եկավ ինձ մոտ և ասաց, որ նման ակցիա է ցանկանում իրականացնել, հետո էլ դա քննարկեցինք: Գիտեի, որ շատ մեծ ռիսկի ենք դիմում, սակայն միջազգային խաղ էր, և այդ ամենը տեղի էր ունենում միջազգային հանրության աչքի առաջ, մտածեցի, որ ապօրինություններն այս դեպքում մի քիչ ավելի քիչ կլինեն (Շահենի նկատմամբ տեղի ունեցած բռնությունն արդեն փաստում է, որ դրանք, այնուամենայնիվ, եղել են)…Ուղղակի քաղբանտարկյալների հարցն ավելի կարևոր է, այդ պատճառով էլ կարևոր էր նման ակցիա իրականացնելը և այդ ձևով միջազգային հանրությանն իրազեկելը: Այն կարծիքին եմ, որ Շահենը ճիշտ է արել, պետք է այս առիթով ամեն պահ օգտագործել, քանի որ քաղբանտարկյալներ ունեցող երկիրը չի կարող առաջ գնալ և զարգանալ»,-իր խոսքը եզրափակեց Ռուզաննա Բադալյանը:
Հիշեցնենք, որ իր բողոքի ակցիան Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ արտահայտելու թույլտվություն ստանալու համար Շահեն Հարությունյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում հատուկ շնորհակալություն հայտնեց իր մորը.
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մամայիս, որ չընդդիմացավ այս արարքին ու խիզախորեն թողեց, որ գնամ այդ քայլին: Այս ակցիայի մասին գիտեինք միայն ես և նա (վերջում նաև երկու ընկեր), երբ նրան հայտնել էի գաղափարիս մասին, վստահ էի, որ մերժելու է, սակայն անակնկալի եկա ու շատ հաճելի էր, որ համաձայնեց, թեև երկուսս էլ հասկանում էինք, թե ուր եմ գնում, որից հետո կարող էր փոխվել իմ խափանման միջոցը: Մերսի, որ թողեցիր նման ակցիա անեմ, ուզում եմ, որ այդ մասին ամբողջ աշխարհն իմանա»:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան
Կարդացեք նաև`Քաջ գիտակցել եմ, որ դրանից հետո ինձ կարող են ծեծել. Շահեն Հարությունյան