Ապրիլի 7-ին, Վարշավայում Լեհաստանի Հայկական Երիտասարդական Միությունը կազմակերպել էր հավաք Լեհաստանում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատների առջև: Հավաքի նպատակն էր, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի Խմբի վերոհիշյալ համանախագահ երկրները ճանաչեն Ադրբեջանը որպես ագրեսոր երկիր և միջազգային պատժի ենթարկեին վերջին օրերին Արցախում նրա կատարած անմարդկային հանցագործությունների համար:
Հնչած ելույթներից հետո Երիտասարդական Միությունը նամակ փոխանցեց ՌԴ դեսպանությանը, որում ՌԴ-ին կոչ էր արվում ճանաչել ԼՂՀ անկախությունը, դատապարտել Ադրբեջանին իր ագրեսիվ կեցվածքի համար և հստակ ու հասցեական քաղաքական գնահատականներ հնչեցնել:
ՌԴ դեսպանատան առջևից հավաքված բազմությունը երթով շարժվեց Լեհաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն, և նմանատիպ բովանդակությամբ նամակ հանձնվեց ամերիկյան կողմին ևս: Միացյալ Նահանգների դեսպանատան առջև հնչած ելույթներում խստիվ դատապարտվեց երկակի ստանդարտների քաղաքականությունը ԼՂՀ ժողովրդի հանդեպ:
Նույնատիպ մի նամակ էլ Ֆրանսիայի դեսպանությանը հանձնելուց հետո ներկաները՝ Լեհաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հոգևոր Հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի առաջնորդությամբ, շարժվեցին Վարշավայի Հայկական պուրակ, որտեղ տեղադրված Խաչքարի առջև Հայր Սուրբի ձեռամբ մատուցվեց աղոթք՝ Հայաստանի և Արցախի անսասանության, Մայր Հայրենիքի հզորության, հայոց բանակի անպարտելիության ու հաղթանակի և մեր նահատակված հերոս զինվորների հոգիների հանգստության համար: