Life.panorama.am-ը գրում է. Զավեշտալի դեպք է կատարվել Բրիտանիայում. 100-ամյա Դորիս Էյլինգը տեղի կլինիկայից նամակ է ստացել, որը նրան հայտնել է իր հղիության մասին: Ինչպես նշում է The Sun-ը, ծեր կնոջը տեղեկացրել են գինեկոլոգին այցելելու և համապատասխան զննում և անալիզներ հանձնելու անհրաժեշտության մասին:
Կինը հարցազրույցում նշել է, որ նամակը ստանալուց հետո լրջորեն անհանգստացել է, քանի որ նամակում նշված է եղել հենց իր անուն-ազգանունը և ծննդյան տարեթիվը:
«Ես երեք երեխա և արդեն 20 թոռ ունեմ, սակայն հղի չեմ եղել արդեն 70 տարի: Ես 100 տարեկան եմ, ինչպե՞ս կարող եմ հղիանալ», նշել է վրդովված կինը:
Նամակը ընթերցելուց հետո տիկին Էյլինգի հարազատները կապվել են կլինիկայի հետ, ինչի արդյունքում պարզվել է, որ բուժանձնակազմը ինչ-որ բան շփոթել է և նամակը սխալմամբ է ուղարկել ծեր կնոջը: Կլինիկայի աշխատակիցները ներողություն են խնդրել թյուրիմացության և պատճառված անհանգստության համար:
Հետաքրքիր է, որ Դորիսի ծննդյան տարեթիվը նամակը կազմելիս որևէ կերպ չի զարմացրել համապատասխան աշխատակցիներին:
Դորիսի 76-ամյա տղան հայտնել է, որ երբ թյուրիմացությունը բացահայտվել է, նրա մայրը և ողջ ընտանիքը ի սրտե ծիծաղել են զավեշտալի իրադարձության վրա:
Նշենք, որ ամենատարեց կինը, որը հղիացել է բնական ճանապարհով և ծննդաբերել, համարվում է Բրիտանիայի 59-ամյա բնակչուհի Դոն Բրուկը, որը այդ առթիվ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում