Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ Բարաք Օբաման Twitter-ում ստեղծել է նոր բլոգ @POTUS (President of the United States՝ ԱՄՆ նախագահ) անվանումով:
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ծաղրական մեկնաբանություն է գրել նախագահ Բարաք Օբամայի Twitter-ի նոր բլոգում՝ հետաքրքրվելով, թե ինչ է լինելու Օբամայի միկրոբլոգի հետ, երբ նա հեռանա պաշտոնից:
Ներկայացնում ենք Քլինթոնի և Օբամայի Twitter-ի երկխոսությունը՝ բառացի թարգմանությամբ՝
«Բարի գալուստ, @POTUS! Մեկ հարց՝ նիքը մնալու է Սպիտակ տա՞նը»: Քլինթոնը հաղորդագրությանը կցել էր #askingforafriend («Հարցնում եմ ընկերոջս համար») հեշթեգը՝ նկատի ունենալով ապագա հնարավոր նախագահ իր կնոջը՝ Հիլարի Քլինթոնին։
«Լավ հարց է, @billclinton: Նիքը կմնա Սպիտակ տան հետ: Չգիտե՞ս ինչ-որ մեկի, ում հարկավոր է @FLOTUS? օգտահաշիվը (First Lady Of the United States՝ ԱՄՆ առաջին տիկին)»,- կատակել է Օբաման:
Օբաման արդեն Twitter-ում ունի 1 միկրոբլոգ՝ @BarackObama, որը վարում են նրա վարչակազմի աշխատակիցները: