▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրվա առթիվ «Հաղթանակ» զբոսայգի եկած բազմաթիվ քաղաքացիների շարքում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները, ովքեր անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհեցին:

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, ով գալիք ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ-ի հետ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով,  լրագրողների հետ զրույցում ընդգծեց օրվա կարևորությունը, նշելով՝ պետք է հիշել մեր նախնիների անցած ուղին:

«Ցավոք, այսօրվա իշխանության պատճառով, մեզնից խլվեց Եռատոնը։ Այս իշխանություններն ուրացան այդ ամեն ինչը և իրենց վարած դավաճանական քաղաքականության արդյունքում մենք այսօր ո՛չ Շուշիի հաղթանակի օրն ենք նշում, ո՛չ էլ կարող ենք Արցախ այցելել»,-ասաց Թևանյանը։ 

ԲՀԿ պատգամավորության թեկնածու Լուիզա Սարգսյանն էլ նշեց, որ հայ ժողովորդը նախկինում այլ կերպ էր տոնում այս օրերը:

«Կարծում եմ՝ հիմա մեր գերխնդիրն այն է, որ կարողանանք պահպանել մեր պատմական հիշողությունը, որովհետև տարեցտարի ավելի վտանգավոր է դառնում այն փաստը, որ փորձում են պատմություն խմբագրել»,-ասաց նա:

Պատգամավորության թեկնածուները «Հաղթանակ» զբոսայգում հարգանքի տուրք մատուցելուց հետո այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ոգեկոչելու հայրենիքի ազատագրման համար զոհված հերոսների հիշատակը:

«Այս ամենը ցույց է տալիս, որ օրը մեկ խորհուրդ ունի. մենք պետք է փոխենք այս իրավիճակը, փոխենք այս քաղաքականությունը»,-հավելեց Անդրանիկ Թևանյանը և կոչ արեց հանրությանը՝ լինել ակտիվ և հստակ ցույց տալ քաղաքական ու քաղաքացիական իրենց դիրքորոշումը:

Դիտեք նաև՝ 

info@asekose.am/095519696
Հասարակություն more