«2016թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.4% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 3.2% գնանկումով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.6%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% հավելաճ: 2016թ. փետրվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.8%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 101.7%, ոչ պարենային ապրանքներինը՝ 98.9%, ծառայությունների սակագներինը՝ 100.7%»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ 2016թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3.2% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և կարտոֆիլի, մրգի 13.4-3.3% գնանկումը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 13.4-0.1% գնանկում, իսկ 4-ում` 0.1-1.2% գնաճ: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. փետրվարին 2015թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 2.1%, իսկ 2016թ. հունվարի համեմատ` 13.4% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կանաչ սոխի` 33.7%, խառը կանաչեղենի` 22.3%, լոլիկի` 21.2%, վարունգի` 19.6%, սմբուկի 14.7% գնանկումով:
2016թ. փետրվարին հունվարի համեմատ կանաչ պղպեղի գինը նվազել է 10.1%-ով, կաղամբինը`6.5%-ով, գլուխ սոխինը` 5.6%-ով, սխտորինը` 0.7%-ով, ճակնդեղինը՝ 0.1%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է կարտոֆիլի` 1.9%, սնկի` 3.0%, գազարի՝ 10.2%, բողկի 29.3% գնաճ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. փետրվարին հունվարի համեմատ հացամթերքի գները նվազել են 5.7-0.5%-ով: Մայրաքաղաքում հացամթերքի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 2.2%-ով: 2016թ. փետրվարին 2015թ. փետրվարի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 12.2%, իսկ 2015թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնանկում:
Մայրաքաղաքում մսամթերքի գներիընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.8%-ով:
Գնային փոփոխություն արձանագրվել է նաև բենզինի և դիզելային վառելիքի շուկայում: 2016 թվականին փետրվարի համեմատ գները նվազել են 2.7% և 3.7%-ով: 2016թ. փետրվարին 2015թ. փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 11.6% և 14.4%-ով, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ` 7.3% և 9.5%-ով:
Անի Կարապետյան