Երեկ Բաղրամյան պողոտայում էի…Հիացած եմ մեր երիտասարդներով, այնտեղ տիրող մթնոլորտով, կազմակերպվածությամբ ու յուրահատուկ հուսադրող էներգետիկայով:
Ողջունում եմ, հպարտ եմ, որ նման լուրջ, լավ, առողջ, գիտակից սերունդ ունենք:
Սակայն, ցավոք, ինձ թվում է Բաղրամյան պողոտայում այդ բարի, լավ, հուսադրող մթնոլորտը երկար չի պահպանվի: Այն կամ կսկսի պառակտվել կամ կքաղաքականացվի:
Ցանկացած մեծաքանակ միջոցառման ընթացքում աստիճանաբար սկսում են տարաձայնությունները տարբեր խնդիրների շուրջ, սկսում է իշխել ամբոխավարությունը, սկսում են իրականացվել սադրանքներ, ի հայտ են գալիս «փոքրիկ անկառավարելի ֆյուրերներ», քաղաքական ուժեր, լրատվամիջոցներ, անձինք, որոնք փորձում են այդ ամենն օգտագործել ի շահ իրենց անձնական կամ քաղաքական նպատակների…
Աստված տա, որ սխալվեմ, բայց նախկինում բոլոր համանման շարժումները ունեցել են նույն վախճանը: Մինչդեռ պետք է շատ ուշադիր, զգույշ, խելամիտ և գերկազմակերպված լինել, որպեսզի դիմակայեն այդ ամենին: Դժվար, շատ դժվար է, բայց հնարավոր և անշուշտ պետք է ամեն ինչ անել ու դիմակայել:
Թերևս բացառությունը Մաշտոցի պուրակն ու մասամբ երթուղայինների սակագնի թանկացման շարժումն էր, որոնք ինչ խոսք այս մասշտաբները, այս հասարակական հնչողությունը և նշանակությունը չունեին:
Սոցիալական ցանցերում, որոշակի ուղղվածության «ընդդիմադիր» թերթերում, կայքերում սկսել են ակնհայտ վատ զգալ և հոգեխանգարմունքի մեջ ընկնել ոստիկանության և ցուցարարների աննախադեպ փոխըմբռնումից ու ստեղծված մարդկային հարաբերություններից…
Հատկապես այն ուժերը, որոնք ակնհայտ բազմիցս ձախողվել են, աչքի ընկել ոստիկանների հանդեպ թշնամանքով ու ատելությամբ, նրանք կրկին ամեն ինչ անում են, փորձում են սադրել, հրահրել միջադեպեր, վարկաբեկել ստեղծված լավ, գեղեցիկ, բարի, հաշտ ու հանդուրժողական մթնոլորտը: Պատեհ-անպատեհ անընդհատ հիշեցնում և պահանջներ են հնչեցնում իրավապահների կողմից ուժի կիրառման դեպքերը մանրամասն քննելու, լրագրողների աշխատանքները խոչընդոտելու համար պատասխանատու ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու մասին:
Այո′, ոստիկանական գործողության ընթացքում եղան արջի ծառայություն մատուցողներ, նկատվեցին սխալներ ու մասնակի բացթողումներ, և ինձ թվում է ՀՀ ոստիկանապետի կողմից նշանակված ծառայողական քննությամբ ամեն ինչ կպարզվի ու մեղավորները, թերացողները անպայման կպատժվեն:
Իսկ չուրախանալ ոստիկան-քաղաքացի-ցուցարար ներկայիս ստեղծված գեղեցիկ փոխըմբռնումով և աննախադեպ փոխհասկացողությամբ, կարող են միայն տականքները, պղտոր ջրում ձուկ որսացողներն ու հեռահար քաղաքական նպատակ ունեցող ուժերը…
Ինձ թվում է, երկուստեք` թե ցուցարարները և թե ոստիկանները պետք է գործեն կազմակերպված, չենթարկվեն քաղաքական անհաջողակների, ձախողվածների սադրանքներին…
Կրկին ողջախոհություն և իրավիճակի ճիշտ գնահատում բոլորիս…