▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարև ձեզ... Շարմազանովը ադրբեջանցի պաշտոնյային

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստում քննարկվել են ՀՀ ներքին և արտաքին խնդիրները: Նա շեշտեց, որ ՀՀԿ-ն 2017 թ.-ի քաղաքական տարին դրական է գնահատում: «Մենք այս տարի իրականացրեցինք շատ դրական խորհրդարանական ընտրություններ, որոնք ստացան միջազգային հանրության և միջազգային բոլոր դիտորդական առաքելությունների դրական վերաբերմունքը: Ավելին՝ մենք ունենք կայուն քաղաքական իրավիճակ, որն ամենաանհրաժեշտ գործոններից մեկն էր թե՛ տնտեսական աճի, թե՛ առհասարակ զարգացման համար»,- ասաց նա: Շարմազանովի գնահատմամբ՝ այս տարին ևս ապացուցեց, որ ՀՀ-ն գնում է ժողովրդավարական զարգացման ճանապարհով: Նա հիշեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիր ստորագրումը: ՀՀԿ խոսնակը կարծում է, որ ՀՀ–ն կարողացել է նաև լուրջ քայլեր անել անվտանգության համակարգի ամրապնդման և բանակի հզորացման ուղղությամբ: «Մենք առաջնթաց ունեցանք նաև արտաքին մարտահրավերներին դիմակայելու հարցում` նկատի ունեմ թե՛ Արցախյան հիմնահարցը, թե՛ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, որտեղ կարողացանք որոշակի դրական տեղաշարժեր ապահովել»,- շարունակեց Էդուարդ Շարմազանովը: Վերջինս անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությանը, թե պատրաստ են Ղարաբաղին տալ բարձր կարգավիճակ: Շարմազանովն Ադրբեջանի պաշտոնյայի հայտարարությունները հիմնազուրկ ու անհեթեթ որակեց: «Ի՞նչ է նշանակում Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տալ ինքնավարության ավելի բարձր կարգավիճակ: Ինչպե՞ս կարող է մի պետությունը մեկ այլ անկախ պետության տալ ինչ-որ կարգավիճակ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը փաստացի անկախ պետությունն է, և Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը նույն օրենսդրական հիմքերով փաստացի առանձնացել են Խորհրդային Միությունից»,- շեշտեց ՀՀ ԱԺ փոխնախագահը: Շարմազանովը կարծում է, որ դա եղել է ընդամենը հայտարարություն ներքին սպառման համար, սակայն ուշացած է, հիմնազուրկ և ոչինչ չտվող: «Կա Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ, կան երեք սկզբունքներ, որտեղ հստակ ամրագրված է ինքնորոշման իրավունքի իրացումը, կա նաև ՀԱՊԿ-ի դեկտեմբերյան հայտարարությունը, որտեղ ընդունվում է ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման գաղափարը, նաև նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարությունը, որտեղ ևս նշվում է երեք սկզբունքների միասնական կիրառման մասին: Այս իմաստով նման հայտարարություններն անիմաստ են, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն: Չի կարող մի անկախ երկիրը մեկ այլ անկախ երկրի տրամադրել կարգավիճակ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Նա շեշտեց, որ բանակցությունները գնում են, իսկ Հայաստանը հաստատ դրա շուրջ չի բանակցում: «Հայաստանը բանակցում է երկու կարևոր հարցերի շուրջ, ինչի մասին խոսել է Հայաստանի Նախագահը Ժնևում Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Նա հստակ նշել է, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի մաս: Երկրորդը՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքները մեզ համար շատ կարևոր են: Այս երկու հարցերում Հայաստանը և Արցախը որևէ զիջման գնալու խնդիր չունեն: Եթե ադրբեջանցիները փորձում են սա ներկայացնել որպես փոխզիջում, ընդամենը մի բան կարող ենք ասել՝ բարև ձեզ»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more