▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվում պահվող 8 տասնյակ հայերի մասին է խոսվում, ի՞նչ է անում իշխանությունը գերիների վերադարձի համար

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի փակումը գերիների, քաղաքական պատանդների և անհետ կորածների խնդրում նոր իրավիճակ է ստեղծել: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Կարմիր Խաչի ներկայացուցիչները ոչ միայն ֆիզիկապես հնարավորություն ունեին այցելելու Բաքվում գտնվող հայերին, ծանոթանալ նրանց վիճակին, ընտանիքի անդամների հետ կապ ապահովել և այլն, այլ այդ կազմակերպության միջոցով է երկար տարիներ իրականացվել անհետ կորածների հետ կապված աշխատանքը:

Չնայած Ադրբեջանը հաստատել է ընդամենը 23 հայերի գերեվարության հանգամանքը, սակայն տարբեր նյութերով հիմնավորված է շուրջ 8 տասնյակ հայերի Ադրբեջանում գտնվելը:

Թեև Կարմիր Խաչի գրասենյակի աշխատանքը պաշտոնապես ավարտվեց սեպտեմբերի 3-ից, սակայն սա անակնկալ չէր ու սրա մասին տևական ժամանակ է խոսվում էր, բայց դա որևէ ազդեցություն չի թողել ՀՀ իշխանության գործողությունների և քաղաքական կամքի վրա:

Ի՞նչ է անում իշխանությունը գերեվարված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ՝ կեղծ դատավարությամբ Հայաստանի թիրախավորումը կանխելու, գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև՝ մեր
հայրենակիցների հայրենադարձումը կազմակերպելու համար:

Պաթետիկ խոսքերից և որոշակի պարբերականությամբ ֆորմալ ու ոչինչ չասող տեքստերից բացի, այլ բան գոյություն չունի:

Նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթում գերիների, ռազմագերիների վերադարձի դրույթներ կային, սակայն աննախադեպ, պատմական հռչակված վաշինգտոնյան պայմանավորվածություններում այս մասին ոչինչ չկա:

Որոշակի հակասական տեղեկատվություն առկա էր ԱՄՆ նախագահի անձնական նախաձեռնությամբ հայերի ճակատագրի ճշգրտման մասով, սակայն դա էլ ընթացք չստացավ:

Նման հումանիտար հարցերով ԱՄՆ նախագահը մի քանի անգամ դիմել է օրինակ Բելառուսի ղեկավարին՝ կոնկրետ անձանց բանտերից ազատ արձակման մասով, ինչի արդյունքում մի քանի տասնյակ մարդիկ հայտնվել են ազատության մեջ:

Ո՞րն է պատճառը, որ նույն պրոցեսը չկա Ադրբեջանում պահվող հայերի հարցում, հատկապես որ, նվազագույնը երևացող մակարդակում Ադրբեջանի ու ԱՄՆ նախագահները ջերմ շփումների մեջ են:

Արդյո՞ք չի ստացվում, որ Հայաստանի իշխանությունը շահագրգռվածություն չի դրսևորում, այս հարցը օրակարգային չի համարում, թույլ է տալիս, որ Ադրբեջանն այն որպես քաղաքական խաղաքարտ կիրառի ու Հայաստանից այս կամ այն զիջումը կորզի: Այո ՛, հենց այդպես էլ ստացվում է:

Հայաստանի իշխանությանն անհրաժեշտ է հույսի, լավատեսության և խաբկանքի փաստաթուղթ, ինչը կիսատ-պռատ ստացել է ու փորձում է որպես խաղաղություն ծախել, իսկ Հայաստանի շահերը շոշափող, բովանդակություն ապահովող և երկարաժամկետ կայունության ու անվտանգության երաշխիքներ չկան, որովհետև իշխանությունն օրվա քաղաքական կուրսով է շարժվում և առաջնայինը իր վերարտադրության ապահովումն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more