ԱԺ-ում այսօր ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման մասին համաձայնագրի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթում ասաց.«Սխալ եք անում, երբ ասում եք, որ մինչև 270 միլիոն մեզ փող է պետք: Այդպես պետության պարտքն ենք ավելացնում: Լսողի մոտ անմիջապես հարց է ծագում: Մի հատ ճշտեիք՝ ինչքան է պետք ու գայիք ասեիք: Ամեն տարի բյուջեի հետ միասին մենք պետք է արտաքին ու ներքին պարտքի թվերը հաստատենք: Մենք չգիտենք՝ այս տարին ոնց ա փակվելու: Եվ, հետո, ո՞վ ասաց, որ պետք է էլէներիգիա արտադրենք ու արտահանենք: Ո՞վ է որոշել, որ Հայաստանը Վրաստանին պետք է էլեկտրաէներգիա տա: Եղբայր, եթե դուք բազայում ունեք ատոմակայան, որը 40 տոկոս էներգիա է արտադրում, բարի եղեք հիդրոակումլացիոն կայան ստեղծեք, ձմռանը չօգտագործվող էներգիան ուղղեք ջրին, տարեք Սևան ու 2-րդ անգամ բերեք: Բայց, Հայաստանը, որ չունի ռեսուրս, ինչո՞ւ պետք է իր օդը կեղտոտի՝ Վրաստանին էներգիա մատակարարելով: Այդ ի՞նչ բիզնես է: Էն էլ, որ ցանկացած պահին Վրաստանը կարող է հրաժարվել դրանից: Բայց մեզ էլ պետք չէ: Այդտեղ մենք փող չենք էլ կարող աշխատել: Հաջորդը էլէներգիայի գնի էլաստիկության հարցն է: Անցած տարի 38 դրամից դարձավ 41.80, իսկ հիմա ուզում եք դարձնել 47-48 դրամ: Իմ հաշվարկներով էլէներգիայի գինը եթե բարձրացնում ենք 1 տոկոսով, ավելի քան 1 տոկոսով կրճատվում է էլէներգիայի սպառումը: Ի վերջո, բարձրացումից տուժում են ՀԷՑ-երը, որոնց պարտքի զգալի մասը ոչ ճիշտ քաղաքականությունն է»:
Պատգամավորը, շարունակելով միտքը՝ նկատեց.
«24-ժամյա հոսանքն ու հակաօդային պաշտպանությունը հակառակորդին զրկեցին օդում առավելություն ունենալ: Դա էր պատճառը, որ 1993 թվականիս սկսած մենք հաղթանակներ տարանք, որովհետև ցամաքում զորքն արդեն կարող էր կռվել, օդից էլ վտանգ չուներ: Իսկ, ի՞նչ ենք կարդում այսօրվա պատմության գրքում: Երեկ ես բան եմ ասում, Շարմազանովը ծիծաղում ա: Մեղք չունի, երեխա էր, փոքր էր: Որտեղի՞ց պետք է կարդար: Ի՞նչ եք գրում այսօրվա գրքերում: Էս հերոսկան էպիզոդը պատմության գրքում արհամարհվում է»: