Ամառային արձակուրդը մայրաքաղաքում անցկացնող երեխաների ազատ ժամանցն արդյունավետ ու հագեցած կազմակերպելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը, ըստ սահմանված հերթականության, կգործեն բակային ճամբարներ: Դրանցից հերթականները կազմակերպվել են Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջաններում: Նուբարաշենում, թիվ 125 մանկապարտեզի բակում հավաքված երեխաներին ողջունել են վարչական շրջանի երաժշտական դպրոցի սաները: Փոքրիկներն անձամբ էլ են հնարավորություն ունեցել երգել, պարել ու ասմունքել: Օրը հագեցած է եղել հաճելի անակնկալներով:
Բակային ճամբար է կազմակերպվել նաև Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոցի բակում, որտեղ փոքրիկներին հյուրընկալվել են հեքիաթների բարի հերոսները: Այստեղ նույնպես խաղեր, մրցույթներ են կազմակերպվել, պաղպաղակ են հյուրասիրել:
Ճամբարներում կկազմակերպվեն նաև մարզական, մշակութային և ճանաչողական բազմաբնույթ միջոցառումներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն