Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի խոչընդոտի կառավարության ծրագրի ընդունմանը։
Հայտնել է ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո։
«Մենք հնարավորություն կտանք, որ այդ ծրագիրն ընդունվի, անհրաժեշտ ձայները կապահովենք։ Ինչպես վարվեց Հանրապետական խմբակցությունը մայիսի 8-ին, այնպես էլ հունիսի 8-ին մենք կառավարության ծրագրի քննարկման ժամանակ արհեստական խոչընդոտներ չենք ստեղծի»,- ասել է Շարմազանովը՝ միևնույն ժամանակ նշելով կառավարության ծրագրի բացերն ու թերությունները։
«Մենք գտնում ենք, որ սա բավականին լայն երազանքների, ցանկությունների, բաժակաճառերի ժողովածու է, բայց ոչ արհեստավարժ կառավարության ծրագիր։ Այս կառավարության ծրագրում չկան ոչ միայն թվեր, այլ չկա նշած, թե ինչպե՞ս, ո՞նց պիտի լուծվեն այս կամ այն հարցերը։ Մենք տվել ենք 7,5 % տնտեսական աճով երկիր։ Թվերը կարևոր են, որ հասարակությունը հասկանա, թե այս մեկ տարվա ընթացքում կամ երկու տարվա ընթացքում այս կառավարությունը ինչպիսի՞ զարգացման տեմպեր է ապահովելու։ Չմոռանանք՝ վարչապետ Փաշինյանը խոսում էր թռիչքային զարգացման մասին։ Այս դեպքում հարց է առաջանում՝ ո՞ւր են այդ թվերը։ Հեղափոխական զարգացման մասին է գրվում, բայց դա ինչպե՞ս է լինելու, ո՞նց է լինելու»,- ավելացրել է Էդուարդ Շարմազանովն ու նշել է, որ ՀՀԿ հիմնական թիմը ամեն դեպքում դեմ կքվեարկի ծրագրին, որոշները կողմ կքվեարկեն՝ ապահովելու անհրաժեշտ քվե և արհեստական խոչընդոտ չեն հանդիսանա։
«Մենք դեմ կքվեարկենք, քանի որ այս ծրագրում չենք տեսնում քաղաքական ծրագիր, իսկ քաղաքական ծրագիրը բյուջեի հետ մեկտեղ ամենակարևորագույն փաստաթուղթն է։ Այստեղ չկա ռազմավարություն, կան միայն ցանկություններ։ Երկրորդը, մենք քաղաքական ընդդիմություն ենք և վերահաստատելու ենք մեր դիրքորոշումը»,- նշել է Էդուարդ Շարմազանովը։