«Այս ծայրահեղ լարվածությունը գալիս է սոցիալական անհավասարությունից, ժողովրդի մեջ կուտակված դժգոհությունից,արտագաղթից: Մի անգամ չեղավ՝ դնեն ու քննարկեն, թե երկիրը դատարկվում է, այսպես մինչև ո՞ւր: Էս որտեղի՞ց առաջացան միլիարդատերերը, որ աշխարհում ինչ կա՝ գնում են: Հանցագործները հենց սրանք են: Ժիրայր Սէֆիլյանն ազգային հերոս է, իսկ մենք ինչպե՞ս ենք վարվում նմանների հետ: Սամվել Բաբայանին տարան Շուշիի բանտ, Սէֆիլյանին՝ նույնպես, ինչո՞ւ: Մարդիկ ճիշտ հարաբերություն, առաջընթաց են ուզում, իսկ երբ դա չի լինում՝ ոտքի են կանգնում: Չպետք է թողնել, որ այսպիսի լարվածություն լինի: Եթե տանը կռիվ է, ուրեմն մեղավորը մեծն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ հավելելով.
«Տղաները զոհ են, նրանք այս դժգոհության, լարվածության կրողներն են: Այս ծանր վիճակը օր առաջ պետք է հանգուցալուծվի: Սէֆիլյանին պետք է ազատ արձակեն»:
Երաժիշտ Վահան Արծրունին էլ շարունակելով վերջինին՝ նկատեց.
«Ազգային հերոսներին եթե ահաբեկիչ են որակում, ապա ովքե՞ր են հերոս. Մանվե՞լը, Սամվե՞լը: «Սասնա Ծռեր» ջոկատի անդամներին կորակավորի ժամանակը և մեր նորագույն պատմությունը կտա այս օրերի ճիշտ, ազնիվ գնահատականը»:
Անի Կարապետյան