▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսքան մարդու ուտել չի լինի

Ես դարվինիզմին չեմ հավատացած ու չպիտի հավատամ։ Եթէ կենդանու մարմնակազմը ու ատամնաշարը պայմանավորված ըլլար իր կենցաղով և ուտելիքով, ապա այսօր բոլշևիկները ոչնչով չպիտի նմանէին մեզի․ վասնզի տարբեր բաներ կուտեն ու տարբեր կենցաղ կվարէն սա երեսուն տարուց ի վեր։ Մինչդեռ, եթէ բոլշևիկ մը իր կուստոմսն պահէ ու գա կողքիդ կայնի՝ կարծես քեզ նման մարդ է ու ոչ մէկ տարբերիչ նշան։ Մինչդեռ անոնք ճերմակ հաց կուտեն՝ դուն սև, անոնք յուղ կուտեն՝ դուն ձէթ, անոնք դեղձի կոնսերվ կվայելեն՝ դուն գազար, անոնք ձգովեն թէյ կխմեն՝ դուն կծովեն, անոնք միս կուտեն՝ դուն ոսկոր, անոնք գինի կխմեն, դուն՝ ջուր, անոնք իննսուն կին կպահեն, դուն՝ մէկ ու կէս։ Կոմունիստն ամէն բանով նման է մարդուն՝ միայն արտաքուստ քիչ մը գէր է ու նոր զգեստ ունի հագին։

Դարվինը կըսէ՝ անապատի մողէսներն սողալով ավազի վրա՝ ավազի գույն կառնեն՝ թշնամիներէն չնկատվելու համար։ Եթէ այդ այդպէս ըլլար, բոլշևիկներէն միայն չեկիստները պիտի մարդկանց գույն առնէին։ Այլապէս չպիտի կրնային մոտենալ մարդկանց լրտեսել և տանել բռնել, որի հետևանքով խորհրդային բոլոր բանտերն ու աքսորներն պիտի ամայանային կարճ ժամանակէն։

Մարդէն չի տարբերէր նաև բոլշևիկներու առաջնորդ «ընկեր» Ստալինը։ Եթէ չըլլար իր ընչացքները, ոչ ոք չէր կարծի, թէ նա գազան է։ Մինչդեռ օրէնքով անիկա շատ բաներով պիտի տարբերվէր մեզմէ։ Օրինակի համար, պիտի ունենար առնվազն երկու բերան, մէկը շատ խոշոր՝ սուտ խօսելու համար, մէկ ալ շատ պզտիկ, անբարբառ ու անլեզու, մարդու ձեռքի 11-րդ անզարգացած մատի նման, ձևական, բերանի նման բան մը, որն, ո՜վ գիտէ, եթէ հանկարծ ճշմարիտ բան մը ըսելու ըլլա՝ չանճրկի կենա։ Ինչպէս օրինակ, հեղեղատներու վրա կառուցված կամուրջներ, որք կարող են պէտք գալ հեղեղներու պարագային, տարին մէկ, տաս տարին մէկ անգամ։

Հետո։ Ստալինին ի՞նչ հարկավոր է ոտք․ անիկա ո՞ւր կերթա, որ ոտք ունենա։ Իր կյանքի մէջ մի անգամ միայն Թէհրան գնաց, այն ալ ոչ թէ ոտքով, այլ թռավ։ Եթէ պետք էր փոխադրական միջոց մը տալ, ապա ամէնէն հարմարն զույգ մը թևէր տալն էր։ Թևերը գէթ կյանքին մէջ մէկ անգամ գործածած պիտի ըլլար Թէհրան երթալիս․ իսկ ոտքն ինչի է պէտք։ Եթէ կամենա հայկական գեղարվեստ ճաշակել, հայ պարողներուն և երժիշտներուն Մոսկվա կկանչէ, կլսէ, կտեսնէ ու ետ կճամբէ։ Եթէ կամենա իր երկրի գեղեցիկ կանանց վայելել՝ «առաջավոր» կանանց կոնֆերանս կհրավիրէ Մոսկվայում, և գործն ատով ալ կվերջանա։ (Այդ սովորությունն հնումն ալ կար, երբ փեսացուն անդամալույծ ըլլար, կինն ու քահանան տուն կկանչէին ու պսակն թոնրի վրա կկատարվէր)։

Հետո՝ աչք։ Ի՞նչ հարկավոր է Ստալինին աչք, երբ իր երկրի անտանելի վիճակն չի տեսներ։ Սէն Կոտարդի ստորերկրյա մթությամ մէջ հոսող գետին մէջ, օրինակ, ձուկերը բնավ աչք չունեն։ Աչք չունեն, որովհետև պէտք չունեն։

Ստալինը պէտք է ունենա սուր ժանիքներ, հուժկու ճիրաններ, չորս հարկանի ստամոքս և մեծ ախորժակ։

Հարյուր հիսուն միլիոն ժողովուրդ միայն Ռուսաստանն ունէր, որոց միացավ նաև Արևելյան Եվրոպան իր ժողովուրդներով։
Այսքան մարդ ուտել պզտիկ ախորժակով չըլլար։

Լեռ Կամսար, 1947թ․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more