▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօրվա գերխնդիրներից մեկը երիտասարդներին Հայաստանում պահելն է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Այսօրվա գերխնդիրներից մեկը երիտասարդներին Հայաստանում պահելն է: Որ չարտագաղթեն, նաև հնարավորություն ունենան ընտանիք կազմել, երեխաներ ունենալ: Իսկ դրա համար նրանց պետք է օգնենք աշխատանքի տեղավորվել: Անբարեխիղճ գործատուների մասին բազմիցս խոսել եմ: Այսօր մեկ այլ խնդրի մասին եմ ուզում բարձրաձայնել` որոշակի քայլեր առաջարկելով: Խնդիրը «ԱՆԳԼԵՐԵՆԻ ԳԵՐԱԶԱՆՑ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է» պահանջի մասին է, որը նշում են գրեթե բոլոր գործատուները: 

Արդյոք մեր կրթական համակարգը ապահովում է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ անգլերենի իմացության մակարդակը: Միանշանակ ՈՉ! Բացառությամբ Ամերիկյան համալսարանի շրջանավարտների և արտասահմանում ուսում ստացած երիտասարդների, մյուսների համար այս կետը լուրջ խոչընդոտ է թափուր աշխատատեղի համար դիմելու: 
Եթե մի կողմ դնենք, որ իրականում այդ աշխատատեղի համար անգլերենի իմացությունը ընդհանրապես պարտադիր չէ և ընդամենը գործատուի` մոդային հետևելու արդյունք է, ապա կստանանք հետևյալ պատկերը. մեր բուհերը, փաստորեն, չեն ապահովում ամենապահանջված կետը: 

Մեր մեջ ասած, չեն էլ կարող ապահովել: Օտար լեզու դասավանդողների զգալի մասը պատշաճ մակարդակով չի տիրապետում մասնագիտական լեզուներին: Օտար լեզվի ոչ միայն դասավանդման մեթոդիկան, դասագրքերը պիտանի չեն մասնագիտական լեզու սովորեցնելու համար, այլ նաև առարկային տրամադրվող ժամերը կատաստրոֆիկ քիչ են: 
Մնում է կրկնուսույց վարձելը, կամ էլ հատուկ` ՎՃԱՐՈՎԻ դասընթացների հաճախելը, որի համար լուրջ գումար է անհրաժեշտ: 

Դե եկեք փակենք օտար լեզվի ամբիոնները, եթե ուսանողին դրանք չեն տալիս լեզվի պատշաճ մակարդակ: Չե՞ք ուզում: Հատուկ դասավանդման ծրագրեր, դասագրքեր, մասնագիտական լեզվի այլ գրականություն ստեղծել էլ չե՞ք ուզում: Դա անազնիվ է և ժամավաճառության է նման! 

Այս պահին տեսնում եմ հետևյալ լուծումը, որը ֆինանսավորում է պահանջում, բայց այն լիովին արդարացված է: ԲԱՑԵԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ: Իսկ որպես հեռանկարային ծրագիր` ամբողջովին վերանայել բուհերում օտար լեզուների դասավանդումը: 

Քանի որ գործատուների վրա պետությունը այս հարցում լծակներ չունի, մնում է հայցել նրանց բարեխղճությունը, որ տեղի-անտեղի չպահանջեն օտար լեզվի ԳԵՐԱԶԱՆՑ իմացություն:

Իզաբելլա Աբգարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more