Մեծ Պահքի 24- րդ օրը (այս տարի մարտի 2-ին) կոչվում է միջինք, դա նշանակում է, որ մեծ պահքը հասել է իր կեսին: Այդ օրը տանտիրուհիները պատրաստում էին միջինքի բաղարջ, որը հայտնի է նաև միջնաբաղջ, կլոճ, հարեգիլ, միջնակ լոճ, միջնապլիթ, կուտապ և այլ անվանումներով։ Միջինքի մեջ պարտադիր դրվում էր որևէ նշան՝ դրամ, ուլունք, լոբի և այլն։ Միջինքն ամանորյա տարեհացի նման պիտի ապահովեր օջախի, ընտանիքի անդամների բարեկեցությունը, անասունների, հողի և հիմնական տնտեսական զբաղմունքների ապագա հաջողությունը։
«Մարդիկ, ովքեր պահք են պահում, առաջին շրջանը մի փոքր դժվարությամբ են անցկացնում: Եվ, որպեսզի այն մի փոքր մեղմացվի, մեր ժողովուրդը գեղեցիկ սովորույթ ունի, դա Միջինքի օրն է: Այդ օր այցելում են մեկը մյուսին ուրախանում են»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատյան Հայրապետական թեմի հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Տապլա/ Միջինքի բաղարջ
3 բ. ալյուր
1/2 բ. շաքարավազ
2 թ. գ. թթխմոր
2 ճ. գ. ձեթ
3 ճ. գ. մեղր
1/2 բ. չամիչ
1/2բ. ընկույզ
ջուր
Խառնել ալյուրը, շաքարավազը, թթխմորը, ձեթն ու ջուրը և հունցել խմորը: Թողնել հանգչի: Պատրաստել կլոր կամ ձվաձև հաց, մեջը միջինքի նշանը դնել, վրան քսել ջուր, ապա խրել մանրացված ընկույզն ու չամիչը և թխել: Փռից հանելուց հետո վրան քսել մեղր:
Ձեթով ճմբուռ
Ձեթը դաղել, մեջը սխտործեծիչով ջարդած սոխի հյութ լցնել, տապակել: Տաք, նոր թխված հացը բրդել և մատուցել:
Մասրապուր
1/2 կգ մասուր
3 լ ջուր
1 բ. խոշոր կորկոտ
1 բ. ծիրանաչիր
2 սոխ
2 ճ.գդ. ալյուր
1/2 բ. շաքարավազ
1/2 լավաշ
դաղձ, աղ
Նախորդ օրը խաշել և թրմել մասուրը: Քամել և հյութը եռացնել: Ավելացնել կորկոտը, մանրացված սոխն ու ծիրանաչիրը: Ջրով բացել ալյուրը և լցնել ճաշի վրա. ավելացնել դաղձը, շաքարավազն ու լավաշը: Շարունակել եփել ևս 15 րոպե:
Մախոխապուր
1 բ. ձավար
1 գազար
1 կարմիր պղպեղ
1 սոխ
2 պճեղ սխտոր
1/2 բ. քացախ
կարմիր և սև պղպեղ
կանաչի
աղ
Խաշել ձավարը, ավելացնել մանրացված բանջարեղենն ու համեմունքը: Մատուցելուց առաջ լցնել քացախն ու մանրացված կանաչին:
Կուտապ
Խմորը պատրաստել, ինչպես ժինգյալով հացինը: Հանգստացած խմորի վրա դնել տարբեր կանաչիներ:
Ընկույզով սպանախ
Անհրաժեշտ է 300 գ ընկույզի միջուկ, սպանախ, 50 գ սխտոր, 25 գ համեմի սերմ, 25 գ քացախ կամ 50 գ սպիտակ գինի, ձեթ:
Թավայի մեջ դաղել ձեթը, մեջը լցնել լվացած, մանր կտրատած սպանախը: Թեթև շոգեխաշելուց հետո վերցնել կրակից և խառնել ընկույզի թանձրահյութ: Մատուցել տաք վիճակում:
Ընկույզի թանձրահյութ. ընկույզը, սխտորը, համեմի սերմը լավ ծեծել, ավելացնել քացախ, ստանալ միատարր զանգված:
Բոստանիա
1 բ. կարմիր ոսպ
1 բ. խոշոր կորկոտ
3 լոլիկ
3 սմբուկ
2 ճ. գ. պղպեղի մածուկ
1/2բ. նռան դոշաբ
2 պճեղ սխտոր
կարմիր պղպեղ
անանուխ
Խաշել ոսպը, ավելացնել կորկոտը, ապա մանրացված լոլիկը, սմբուկն ու մածուկը: Եփել մինչև շիլայի վերածվի: Մատուցել` վրան լցնելով դոշաբ, սխտոր, համեմունք և ջուր թացանը:
Բիշի
Խմորը
2 – 3 բ. ալյուր
1 ճ. գ. քացախ
1 ճ. գ. ձեթ
1 բ. գոլ ջուր
աղ
Միջուկը
1/2 բ. շաքարավազ
1/2 բ. ընկույզ
դարչին
ձեթ՝ տապակելու համար
Շաղել խմորը, վերածել գնդիկների: Մանրացնել ընկույզը, խառնել շաքարավազն ու դարչինը: Բացել խմորը, լցոնել միջուկով և տապակել: Մատուցել մեղրով կամ դոշաբով:
Պասուց տոլմա՝ կանեփով
1 բ. ոսպ
1 բ. լոբի
1 բ. սիսեռ
1 բ. ձավար
1 բ. հաճար
4 սոխ
2 կգ կաղամբ
2 բ. կանեփ:
Կանեփը սանդի մեջ լավ ծեծել` ստանալով ալյուրանման զանգված: Ոսպը, լոբին ու սիսեռը խաշել: Ավելացնել աղացած ձավարը, հաճարը, աղացած սոխը, կանաչին և լավ խառնել: Փաթաթել կաղամբի տերևներով: Կանեփը լավ տրորել մինչև կաթնաջուր դուրս գցի ու լցնել տոլմայի վրա: Ապա եփել թույլ կրակով:
Կուտապ
Խմորը
2 – 3 բ. ալյուր
1 ճ. գ. քացախ
1 ճ. գ. ձեթ
1 բ. գոլ ջուր
աղ
Միջուկը
1 կապ սպանախ
1/2 կապ գինձ
1/2 կապ կանաչ սոխ
2 ճ. գ. ձեթ
մեկ բուռ թթու չիր (հոնաչիր, սալորաչիր, կծոխուր)
աղ:
Հունցել խմորը, վերածել փոքր գնդերի: Մանրացնել միջուկի կանաչին, տրորել աղով, դնել մաղի մեջ, որպեսզի ավելորդ ջուրը քամվի: Խառնել ձեթն ու չիրը: Բացել խմորը, լցոնել միջուկով, փակել և եփել չկպչող տապակի վրա:
Օձի թթու
1 բ. մանր կորկոտ
1 բ. ոսպ
1 բ. ալյուր
3 սոխ
կարմիր և սև պղպեղ
չորացրած խառը կանաչի
կաղամբի թթու և թթվի ջուր
Խաշել ոսպը, ավելացնել կորկոտը, ալյուրն ու մանրացված կանաչին, համեմել և շաղել: Պատրաստել ընկույզի մեծությամբ կոլոլակներ և խաշել թթվի ջրի մեջ. ընթացքում մանրացնել թթուն և եփել կոլոլակների հետ:
Թթվեպաս
1/2 բ. լոբի
1/2 բ. սիսեռ
1/2 բ. ոսպ
1/2 բ. ձավար
1/2 բ. արիշտա
1/2 բ. չամիչ
1/2 բ. սալորաչիր
1/2 բ. քացախ
2 կապ սպանախ
աղ
Արմտիքը խաշելուց հետո ավելացնել արիշտան, չամիչը, սալորաչիրն ու սպանախը: Մատուցել քացախով:
Անի Կարապետյան