Այս պահի դրությամբ ՊՊԾ գնդում պատանդի կարգավիճակում կա հինգ ոստիկան։ Նրանց թվում են ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը և Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Բանակցությունները շարունակվում են, իրավիճակը մնում է նույնը. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ անդրադառնալով զինված խմբի գործողություններին:
Հունան Պողոսյանը ազատված ոստիկանի ինքնության մասին որեւէ տվյալ չի նշել.
«Ազատ արձակված ոստիկանը պարեկապահակային ծառայության աշխատակից է, որն ազատ է արձակվել համապատասխան բանակցությունների միջոցով: Ներկայումս համապատասխան օպերատիվ հետախուզական և կանխարգելիչ միջոցառումները իրավապահ մարմինների կողմից շարունակվում են, պատշաճ ժամկետներում կտրվի ինֆորմացիա»:
Հունան Պողոսյանը նաև հայտնեց, որ Ժիրայր Սեֆիլյանի բանակցություններում ներգրավելու վերաբերյալ հարցը դեռևս չի քննարկվում:
Ոստիկանապետը նույնպես բանակցություններին չի մասնակցում. «Կա համապատասխան կոնտակտային սպա, որը բանակցում է ներսում գտնվող անձի հետ»։
Հունան Պողոսյանը հիշեցրել է իրենց պահանջը եւ նշել, որ փոխզիջումները պետք է լինեն երկուստեք.
«Բանակցում ենք մի բանի շուրջ՝ հանձնել պատանդներին, դադարեցնել իրավիճակի հետագա սրումը եւ հանձնվել իշխանություններին։ Փոխզիջումների գնալու տարբերակը պետք է լինի երկուստեք, եթե իրենց կողմից լինի համապատասխան ադեկվատ քայլ, կլինի նաեւ մեր կողմից»: