▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս բոլոր սցենարներում անհնար է մի բան...Հայկ Մարտիրոսյան

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելը թիրախավորված հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։

Հարվածների հետևանքով առայժմ հայտնի է, որ սպանվել են

Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին,

ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին,

«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի (ՀՕՊ) հրամանատար Ղոլամալի Ռաշիդն ու նրա որդին,

Միջուկային գիտնականներ Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Ֆերեյդուն Աբբասին։

Հայտնի է, որ Թեհրանի վրա Իսրայելի հասցված ավիահարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ, որոնցից մոտ 35-ը կանայք և երեխաներ են։

Փակ է Թեհրանի օդանավակայանը։ Հաղորդվում է տարբեր ուղղություններով թռիչքների սահմանափակումների մասին։ Թել Ավիվ-Երևան չվերթը ևս չեղարկվել է։

***

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանի ռազմաքաղաքական վերնախավը գլխատված է:
Սա աննախադեպ էսկալացիա է, որ բնույթով շատ տարբեր է անցյալ տարվա հրթիռային փոխհրաձգությունից:
Մեծ է հավանականությունը, որ սկսվել է Իրանում իշխանափոխության մեծ օպերացիան: Այս հարվածներին Իրանը փորձելու է պատասխանել: Իրավիճակն այնպիսին է, որ Իրանի ղեկավարությունն ինքն իրեն դրել է մի դրության մեջ, երբ չպատասխանել և մնալ իշխանություն չի հաջողվի: Պատասխանելիս էլ մնալ իշխանություն շատ և շատ դժվար կլինի: Մեծ է նաև հավանականությունը, որ ԱՄՆ-ը այս կամ այն կերպ ստիպված կներգրավվի Թեհրանում իշխանափոխության իսրայելական օպերացիային: Ցամաքային ներխուժում, իհարկե, թերևս չի լինի: Իսրայելը դրա ռեսուրսը չունի: Տեխնիկապես էլ Իսրայելի համար դա թերևս իրականացնելի չէ: Իմաստն էլ թերևս չկա ցամաքային զորքերով պատերազմելու: ԱՄՆ-ը ունի, բայց Թրամփի վարչակազմը ամենևին, արմատապես դեմ է ԱՄՆ ցամաքային զորքերը որևէ խոշոր կոնֆլիկտում ներգրավելու գաղափարին իսկ: Եթե, իհարկե, Իրանը ինքը չհարվածի ամերիկյան ռազմիուժին:
Ռազմական լայնամասշտաբ կոնֆլիկտը, եթե այն սկսվի, կվարվի օդից և բացառված չէ, որ նաև երկրի ներսից` առանձին խմբերի կամ շերտերի ակտիվացումով:
Իրանը որպես պետություն չի վերանա: Դա անհնար է: Կորցնել Ատրպատականի ազերիաբնակ նահանգը տեսականորոն հնարավոր է, բայց պետականությունը` երբեք:
Իշխանափոխությունը նույնպես հնարավոր է:
Այս բոլոր սցենարներում անհնար է մի բան. Հայաստանի գոյությունը: Իրանում լուրջ ռազմական օպերացիայի պարագայում Ադրբեջանի զորքերը ժամերի ընթացքում ամենայն հավանականությամբ գրավելու են ողջ մեծ Սյունիքը, արևելքից իջնելու են Սևանի ափ և ամրապնդվելով այնտեղ, արագ Երասխից և Նախիջևանի շփման գծից շարժվելու են դեպի Երևան:
Եվ հայկական երազանքը, որին հատկապես վերջին հինգ տարիներին այդքան կրքոտ կերպով ձգտել է ժողովուրդը` ունենալ Երևան-Էջմիածնի Հանրապետություն, իրականություն կդառնա: Կամ էլ` Նիկոլ Փաշինյանը, նախկին փորձով` տասնհինգ միլիարդ ութ հարյուր միլիոն երեք հարյուր յոթանասունվեց հազար յոթ հարյուր քառասունհինգ հայկական կյանքեր շրջափակումից փրկելու հանուն` կստորագրի պետականության հանձնման փաստաթուղթ:
Դրանով կգա ապագան:
Իրանի համար արդեն իսկ կարծես թե գալիս է նոր ապագա:
Հայաստանի` անշեղորեն հետապնդած այլ տիպի ապագան էլ կարծես թե արդեն մոտենում է:
Հուսանք, որ սա չի իրականանա, բայց ես սեփական հույսերիս անգամ այլևս վաղուց չեմ հավատում: Դրանք միշտ գործնական հարթությունում պարտվում են իրատեսական անհուսությանը:
Ի դեպ` դեռևս հեռավոր 2016-ին, Արմենիա TV-ի մի հաղորդման ժամանակ, որ վարում էր Արտակ Ալեքսանյանը, նկարագրել եմ այսօրվա օրը և հաջորդող իրադարձությունները:
Այդ ժամանակ այսօրը ապագա էր:
Այսօր ապագան տեղ հասավ:
Պատրաստվեք դիմավորելու ձեր ապագան, իմ հայրենիքը հանձնած իմ նախկին հայրենակիցներ:
Հ.Գ. Կա մի վերջին, բարդ իրականանալի բայց տեսականորեն հնարավոր սցենար նույնպես. Իրանը պատասխանում է, Իսրայելը կորուստներ չի ունենում, տարբեր երկրներ միջամտելով դեէսկալացնում են, և էլի մի որոշ ժամանակ լինում է ինչպես նախկինում: Այլևս դժվար է սա պատկերացնելը, բայց դա դեռ հնարավոր է:
Եվ այդ սցենարում նույնպես միևնույն է` Հայաստան ներխուժում մի օր` մոտ ապագայում լինելու է:
Այնուամենայնիվ ողբերգականորեն լինելու է»:

***

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեին կոչով դիմել է իր ժողովրդին՝

«Իրանի վսեմ ժողովուրդ,

Սիոնիստական ռեժիմն այսօր առավոտյան իր կեղտոտ և արյունոտ ձեռքը երկարեց մեր սիրելի երկրի դեմ նոր հանցագործությամբ՝ ավելի քան երբևէ բացահայտելով իր չար էությունը և թիրախ դարձնելով բնակելի կենտրոնները։

Ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի։

ԻԻՀ Զինված ուժերի հզոր ձեռքը, Աստծո կամքով, նրան հանգիստ չի տալու։

Թշնամու հարձակումների հետևանքով մի շարք հրամանատարներ և գիտնականներ նահատակվել են։ Նրանց փոխարինողներն ու գործընկերները, անհապաղ անցել են իրենց պարտականությունների կատարմանը։

Սիոնիստական ռեժիմը այս հանցագործությամբ իր համար պատրաստեց դառը և ցավոտ ճակատագիր, և նա անկասկած կստանա այն»,- նշել է Խամենեին։

***

Իրանի գերագույն առաջնորդը Հաբիբոլլահ Սայարիին նշանակել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ժամանակավոր պետ, իսկ Ահմադ Վահիդիին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) հրամանատար, հաղորդում է Nour News-ը։
«Գերագույն առաջնորդի հրամանագրով Հաբիբոլլահ Սայարին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ժամանակավոր պետ, իսկ գեներալ Վահիդին՝ ԻՀՊԿ հրամանատար», - ասվում է հաղորդագրության մեջ։

Սայարին նախկինում ծառայել է որպես Իրանի բանակի փոխհրամանատար։

Ավելի վաղ Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հայտնել էր այս պաշտոնը զբաղեցնող Մոհամմադ Բաղերիի մահվան մասին՝ Իսրայելի հարվածների հետևանքով։ ԻՀՊԿ-ն հաստատել է իր հրամանատար Հոսեյն Սալամիի մահը։

***

Իսրայելի հարվածներից հետո Իրանը պատասխան գործողություններ է սկսել՝ Իսրայելի վրա ուղղված ավելի քան 100 անօդաչու թռչող սարքերով։ Այս մասին հայտնել է The Times of Israel-ը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ Իրանն Իսրայելի վրա արձակել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։ Սակայն, մի քանի ժամ կպահանջվի, որպեսզի դրանք հասնեն թիրախներին։

«Բանակն աշխատում է դրանք ոչնչացնելու ուղղությամբ», - զինվորական պաշտոնյայի խոսքերն է մեջբերել Times of Israel-ը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը սկսել են «Առյուծի վերելք» անվամբ լայնածավալ գործողությունը, որի շրջանակներում Իսրայելը հարվածներ է հասցնում Իրանի միջուկային ծրագրի ռազմական թիրախներին և օբյեկտներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more