▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այլեւս երբեք Նոր տարին դրսում չեմ դիմավորի». Գոռ Հակոբյան

Life.panorama.am-ը զրուցել է «Ֆուլ հաուս» սիթքոմի Ֆելոյի, նույն ինքը՝ դերասան Գոռ Հակոբյանի հետ, ով պատմել է «Ֆուլ հաուս»-ի՝ ԱՄՆ-ում անցկացրած ժամանակի եւ սիթքոմի ապագա ծրագրերի մասին:

«ԱՄՆ-ի հայ հանդիսատեսը եւս մեկ անգամ իր ջերմությամբ ապացուցեց, որ «Ֆուլ հաուս»-ին սիրում ու շատ ջերմությամբ են սպասում: Սկզբում նախատեսված էր երկու համերգ, բայց ունեցանք չորսը, որոնց ժամանակ դահլիճները լեփ-լեցուն էին: Այնտեղ «Ֆուլ հաուս»-ի որակին ծանոթ էին, հնչեցին կարծիքներ, որ այս համերգը շատ ավելի լավն էր, քան նախորդ տարվանը, իսկ հետո նրանց մոտ հարց էր առաջանում, թե երրորդ համերգը ինչպիսինն է լինելու, որպեսզի գերազանցի երկրորդին: Նման կարծիքներ լսելը, հավատացեք, մեզ մեծ ոգեւորություն է պատճառում, որից ներշնչվելով ամեն բան անելու ենք, որպեսզի հաջորդ համերգն էլ իսկապես գերազանցի նախորդին»,- Միացյալ նահանգներում կայացած համերգներից ոգեւորված՝ պատմեց դերասանը:

Մեզ հետ զրույցում Գոռը պատմեց նաեւ ԱՄՆ-ում Ամանորն անցկացնելու մասին, ընդ որում նշելով, որ այսուհետ երբեք Ամանորը չի նշի Հայաստանից դուրս.

«ԱՄՆ-ում դեկտեմբերի 31-ը ոչնչով չի տարբերվում օրինակ հուլիսի 24-ից, որովհետու այնտեղ այն այնքան էլ մեծ շուքով չի նշվում: Միացյալ նահանգներում դեկտեմբերի 25-ին շատ գեղեցիկ նշում են Սուրբ Ծնունդը, որը սակայն, հայերը իրենց տներում չեն նշում, իսկ հունվարի 1-ին նրանց տներում անգամ տոնածառը էլ տեղ չունի: Օվկիանոսից այն կողմ Ամանորը մի քանի օր նշում են միայն հայերը: Հունվարի 6-ին էլ միայն հայկական տներում է Սուրբ Ծնունդը նշվում,- պատմեց Գոռ Հակոբյանն ու ավելացրեց,- մենք Ամանորը անցկացրինք հայկական միջավայրում, բայց տպավորություններով լի չեմ, որպեսզի կարողանամ որեւէ բան պատմել: Այնտեղ Ամանորը անցկացնելուց հետո մի բան հասկացա՝ այլեւս երբեք Նոր տարին դրսում չեմ դիմավորի: Մեզ մոտ՝ Հայաստանում, Ամանորի հաղորդած ջերմությունը իսկապես անփոխարինելի եւ անհամեմատելի է: Սա առաջին եւ հավանաբար վերջին անգամն էր, որ տանը չէի դիմավորում Նոր տարին, հասկացա, որ այդ օրը պետք է լինես քո տանը՝ ընտանիքի բոլոր անդամներիդ հետ միասին»:

Գոռ Հակոբյանը Միացյալ նահանգներ էր մեկնել կնոջ հետ, իսկ երեխաները Ամանորը նշել են առանց հայրիկի եւ մայրիկի: Այս առումով Գոռը նշեց, որ իրենց մեղավոր են զգացել. «Քանի որ ինձ հետ էր նաեւ կինս, մենք երկրուսս մտովի անընդհատ երեխաների հետ էինք, այս առումով էլ հասկացանք, որ Ամանորը նրանցից հեռու նշելու գաղափարը այնքան էլ ճիշտ չէր: Երբ վերադարձանք, նրանց վերաբերմունքից հասկացանք, որ մեզնից մի փոքր նեղացած են, բայց մեր բերած նվերներով փորձեցինք գոնե շահել նրանց սրտերը»,- ծիծաղելով պատմեց դերասանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more