«Պետք է միշտ զգոն լինենք, մշտապես հզորացնենք մեր բանակը, քանի որ գործ ունենք անկանխատեսելի թշնամու հետ: Մենք Հայրենիք, հող չունենք տալու: Միայն կորցրած հողերն ազատագրելու խնդիրը կա»,-ասում է «Հայդուկ» ջոկատի շտաբի պետ, գնդապետ Վիտյա Հակոբյանը:
Նրան չի զարմացրել թշնամու կողմից երեխաներին ու կանանց որպես վահան օգտագործելը.
«Նրանք այդպիսին են, վախկոտ են: Բայց չարաչար սխալվում են, եթե մտածում են, թե նույնիսկ այդ դեպքում նրանց կրակակետը չենք ոչնչացնելու: Իրենք պետք է պատասխան տան բնակիչներին՝ բնակելի տների մերձակայքում տեղակայված կրակակետերի համար: Ի դեպ, եթե էլի կրակահերթ սկսեն, էլի ենք լռեցնելու: Թող չթաքնվեն: Խոջալուի, Քարվաճառի դեպքերի ժամանակ էլ էին ժողովրդի թիկունքում թաքնվում: Թալիշներին առաջ էին մղում, իրենք թաքնվում էին: Ի՞նչ է, իրենց ժողովուրդը սրանք չգիտի՞: Այդ կանաչի ծախող իրենց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը թող խելքը գլուխը հավաքի: Մենք ոչինչ չեն գրավել, դեռ մի բան էլ պետք է ազատագրենք»,-նկատեց «Հայդուկ» ջոկատի շտաբի պետը:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը նախաձեռնել է հերթական սադրանք՝ գնդակոծելով Արցախի Հանրապետության տարածքը։ 2016 թ. ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ։ Գնդակոծումն իրականացվել է Ալխանլու գյուղի տարածքում՝ անմիջապես բնակելի տների մերձակայքում տեղակայված կրակակետերից։ Արցախի պաշտպանության բանակը ստիպված է եղել պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ճնշելու ադրբեջանական բանակի կրակային ակտիվությունը, որից հետո Ադրբեջանը հայտնեց իբր թե հայկական կողմի կրակի հետևանքով սպանված մանկահասակ երեխայի ու կնոջ մասին: