▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետիսյանների գործով հնարավոր է՝ սակարկություններ լինեն

Երեկ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում հայտնաբերել էին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի դին, ում սպանության մեջ կասկածվում է համածառայակիցը: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ` ՀՀ  ՔՕ 104–րդ հոդվածի 1–ին մասով: Քրեական գործ է հարուցվել նաև ՌԴ իրավապահների կողմից՝ սպանության հատկանիշներով:

Asekose.am-ի զրուցակիցն է Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի նախագահ Արթուր Սաքունցը: 

Պարոն Սաքունց, խոսվում է, որ ռուս զինծառայողի սպանության դեպքի առթիվ ՀՀ իրավապահների կողմից հարուցված քրեական գործը հնարավոր է փոխանցվի ռուսական կողմին: Ի՞նչ կասեք այս մասին:

Ես գտնում եմ, որ դա իրավաչափ չէ: Նախևառաջ, այն հակասում է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրին: Այդ համաձայնագրում հստակ ասվում է, որ ՀՀ տարածքում հանցագործությունների և այլ իրավախախտումների գործով, եթե դրանք կատարվում են ռուսական բազայի ներկայացուցիչների կամ նրանց ընտանքի անդամների կողմից, կիրառվում է ՀՀ օրենսդրությունը և գործում են ՀՀ համապատասխան իրավասու մարմինները:  Նույն համաձայնագրի 5-րդ հոդվածում նշվում է, որ վերոնշյալ դրույթը չի տարածվում այն հանցագործությունների և իրավախախտումների վրա այն դեպքում, եթե դրանք կատարվել են ռուսական ռազմաբազայի տարածքում և եթե դրանք արվել են ՌԴ-ի դեմ...

Այդ հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում, ոչ թե՝ ռազմաբազայի տարածքում: Բացի այդ, ես որևէ հիմք չունեմ ենթադրելու, որ ՀՀ տարածքում կատարված այդ հանցագործությունն ուղված է ՌԴ-ի դեմ: Դեռևս քննությունը չիրականացված՝ այդ ի՞նչպես ենթադրվեց, որ դա միայն վերաբերում է ՌԴ-ին, որ արդեն խոսվում է վարույթը փոխանցելու մասին:  

Պետք է ասեմ նաև, որ համաձայանագրի իմ նշված դրույթները թյուրիմացության մեջ է գցում անգամ որակյալ փաստաբաններին: Ավելին, այն նաև լուրջ խնդիրներ ունի ՀՀ սահմանադրության հետ: Պետք է այս համաձայանագրի հակասահմանադրության հարցը վիճարկել Սահմանադրական դատարանում:

Ավետսիյանների սպանության դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործը ռուսական կողմը մինչ օրս դեռ չի փոխանցել հայ իրավապահներին: Հնարավո՞ր է՝ ռուսական կողմը սակարկության գնա և այս երկու գործերով կողմերը փոխանակվե՞ն:

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ոչ թե իրավական նորմերով են ղեկավարվում, այլև՝ առևտրային: Նման մոտեցումը տարածվում է նաև այս հանցագործությունների վրա, որոնք ինքնին անմարդկային են. ի վերջո, տվյալ մոտեցումը գործ ունի մարդկանց հետ: Ցավոք սրտի, նման դեպքերում միջազգային իրավական նորմերը և օրենքի գերակայությունը չեն գործում, այսինքն՝ առևտրային նորմերով հնարավոր են սակարկություններ լինեն, բայց, կրկնում եմ, ոչ իրական նորմերով:

Այս գործի նախաքննությունը կարո՞ղ է ինչ-որ կերպ առնչություն ունենալ Ավետիսյանների գործի հետ:

Ես չեմ բացառում, որ այս գործի նախաքննության ընթացքում ՀՀ իրավապահներն այնպիսի փաստեր բացահայտեն, որոնք որոշակի նշանակություն կունենան Ավետսիսյանների սպանության գործի համար: Անխուսափել է, որ ՀՀ իրավապահ մարմինները քննչական գործողություններ պետք է իրականացնեն Ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչների նկատմամբ և հնարավորություն ունեն իմանալու, թե, իրականում, ինչ վիճակ է տիրում ռուսական ռազմաբազայում: Դա էական նշանակություն ունի` հասկանալու համար Պերմյակովի մոտիվները, որոնք հանգեցրել են Ավետիսյանների սպանությանը: Սակայն հերթական անգամ մենք տեսնում ենք, որ ռուսական կողմն ակնհայտորեն փորձում է խոչընդոտել ՀՀ իրավապահների կողմից տարվող նախաքննությանը, որն ընդգրկում է նաև ռուսական բազայի ծառայողներին: Այսինքն՝ նրանք փորձում են ՀՀ իշխանություններից գաղտնի պահել ՌԴ ռազմաբազայում տիրող իրավիճակը: Օտարերկրյա զինվորական ստորաբաժանումը գտնվում է Հայաստանի տարածքում, հետևաբար, նրանում տիրող իրավիճակը չի կարող գաղտնի լինել մի երկրի համար, որի անվտանգության համար այն գործում է:

Հաշվի առնելով վերջին դեպքերը՝ վստահ կարելի է ասել, որ  ռուսական ռազմաբազայում տիրում է բարդակ, որը չի վերացվում նույնիսկ հրամանատարության փոփոխության արդյունքում, և չի կարող այլ բան տիրել մի երկրում, որտեղ իրավական բեսպրեդել է:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more