Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը միանշանակ կբողոքարկվի Վերաքննիչ քրեական դատարան՝ կյանքի իրավունքի խախտման հիմքով բարոյական վնասի հատուցման պահանջով տուժող կողմի ներկայացրած քաղհայցը պատշաճ կարգով չքննելու մասով: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները վերաքննիչ բողոքում պահանջելու են դատական ակտը բեկանել՝ քաղաքացիական հայցը վարույթ չընդունելու և քննություն չիրականացնելու մասով:
Արամազդ Կիվիրյանը պարզաբանեց, որ դատարանը քաղհայցը չքննեց ոչ միայն այն պատճառով, որ քաղաքացիական պատասխանողը Ռուսաստանի Դաշնությունն է, այլ նաև այն պատճառով, որ քաղաքացիական հայցում որպես փաստական հիմք մեջ են բերվում Ռուսաստանի Դաշնության մեղավորության մասին փաստող, նրա կողմից թույլ տրված որոշակի խախտումներ: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը՝ տեղեկացված լինելով Պերմյակովի՝ բազմաթիվ, մոտ տասի հասնող դասալքությունների մասին, ունենալով ապացույց առ այն, որ նա ունի որոշակի հոգեկան խնդիրներ, որի պատճառով նրան արգելվել է զենք կրել, նման պայմաններում նրան ուղարկել է Հայաստանի Հանրապետություն, ձեռքը զենք տվել: Իսկ երբ որ արդեն Հայաստանի Հանրապետությունում Պերմյակովը դասալքության է դիմել, միայն մի քանի ժամ անց է այդ մասին տեղեկացրել Հայաստանի կողմին, այսինքն՝ տվյալ դեպքում Ռուսաստանի Դաշնության կողմից կատարվել են ոչ իրավաչափ գործողություններ:
Փաստաբանը նշեց, որ բուն քրեական գործի քննության շրջանակում դատարանը քննության առարկա դարձրեց բացառապես Պերմյակովի կողմից հանցագործությունը կատարելու հանգամանքը, այլ անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու, նրանց գործողությունների մասով քննություն չկատարեց: «Եթե դատարանը քաղաքացիական հայցը վարույթ ընդուներ, ինքը ստիպված էր այդ մասով կատարել քննություն, որովհետև քաղաքացիական հայցի փաստական հանգամանքը հենց դա է՝ հայցը ՌԴ-ի դեմ է և դրա քննությամբ պետք է բացահայտվեր ռուսական կողմի մեղավորությունը: Մեր արդարադատությունը, մեր դատական համակարգը այդ կամքը չունեցավ՝ կոնկրետ առաջին ատյանի դատարանի մակարդակով»,- ասաց Արամազդ Կիվիրյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում