▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավազակային հարձակում գործողներից մեկը ոստիկան է եղել, նա սպանվել է. նոր մանրամասներ

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում Երեւանում, այսօր՝ մայիսի 13-ի գիշերը տեղի ունեցած ավազակային հարձակման մասին:

Ըստ այդմ, գիշերը ժամը 4:25-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց զանգած քաղաքացին հայտնում է, թե Դոդոխյան փողոցի 24 տնից վիճաբանության ձայներ են լսվում:

Շտապ մեկնած օպերատիվ խումբը հիշյալ հասցեում հայտնաբերել է բնակարանատերեր Լեւոն Ա.-ին, Դավիթ Ա.-ին, Սամվել Հ.-ին, ինչպես եւ երկու անձանց՝ մարմնական վնասվածքներով:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ վերջիններս Երեւանի Պոպովի փողոցի բնակիչներ, 25-ամյա Էդգար Մանուկյանն ու 29-ամյա Հրաչյա Ֆալանջյանն են:

Ճշտվել է, որ նրանք նույն օրը, ժամը 4:00-ին, ավազակային հարձակման նպատակով լոգարանի պատուհանից մտել են Դոդոխյան 24 տուն, որտեղ հանդիպելով բնակարանատերերի դիմադրությանը՝ ատրճանակի ու դանակի գործադրմամբ հրազենային ու ծակած-կտրած վնասվածքներ են պատճառել նրանց:

Ավազակային հարձակում գործածները նույնպես վնասվածքներ են ստացել, ինչի հետեւանքով Հրաչյա Ֆալանջյանը մահացել է, իսկ Էդգար Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Նշենք, որ Հրաչյա Ֆալանջյանը ոստիկան է եղել. նրա նկատմամբ մայիսի 1-ին, կարգապահական կոպիտ խախտման համար, նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով նա ազատվել էր աշխատանքից:

Նշանակվել են դատաբժշկական եւ դատաձգաբանական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում մայիսի 13-ին, գիշերը ավազակային հարձակում է տեղի ունեցել. կա 1 զոհ եւ 4 վիրավոր: Ավազակային հարձակում են կատարել «Բրավո» տաքսի ծառայության տնօրենի տան վրա:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more