▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աթեշյանի բաց նամակի արձագանքը ՀՀ-ում քաղաքացիական շարժման կողմից

 

Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի բաց նամակն ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանին` բողոքի ալիք է բարձրացրել թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում: Դժվար է որակել հայ հոգևորականի ազգադավ արարքը, այդուհանդերձ, այսօր մեկտեղվել ենք մեր ցասումն արտահայտելու Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի ինքնագործունեության և սրբապիղծ քայլերին ըստ արժանվույն պատասխանելու համար:

Սա անմարսելի իրողություն է ոչ միայն հայերիս համար, այլև՝ ողջ մարդկության, մանավանդ, երբ շատ երկրներ սկսել են ճանաչել հայոց ցեղասպանությունը: Անգամ այս մասին խոսում է թուրք առաջադեմ հասարակությունը, ինչի համար նրանցից ոմանք հալածանքների են ենթարկվում ու չեն ընկրկում: Այս աշխարհացունց ներողությունը, այլ բառ չենք գտնում, ու՞մ և ինչի՞ համար էր պետք: Ձեր դիրքերն էի՞ք ամրապնդում պրն Արամ, եթե ցանկանու՞մ էիք էլ ավելի հաճոյանալ Թուրքիայի նախագահին, այլ կերպ անեիք: Միայն Ձեր անունից, մեկուսի, հանդիպեիք նրան, մանավանդ, որ ձեր լավ կապերը գորշ գայլերի և մյուսների հետ հայտնի են: Դուք խայտառակեցիք ողջ հայությանը, Հայ Առաքելական եկեղեցին, որ սրբադասել է մեկ ու կես միլիոն անմեղ զոհերին, դուք դեմ գնացիք մեր եկեղեցուն: Դուք ձեր չմտածված կամ գուցե «լավ» մտածված քայլով սրբապղծեցիք մեր նահատակների և մարտիրոսվածների հիշատակը: Մի ադամանդ էլ ավել նվիրեիք ձեր անունից, բայց զերծ մնայիք ոչ հայության՝ մասնավորապես պոլսահայության անունից հանդես գալ: Ո՞վ էր ձեզ իրավունք տվել պղծել ննջեցելոց՝ ազգիս անգամ գերեզման չունեցող անթաղ զոհերի հիշատակը: Մի՞թե չեք գիտակցում, որ այդ քայլով պառակտում եք նաև հավատացյալ ժողովրդին, հակադրում և հակադրվում Հայ Առաքելական եկեղեցուն:

Վերջինս կարծես թե խաղալիք եք դարձրել ձեր ձեռքում: Մեկ արհեստականորեն խոչընդոտում վերջապես դարձի եկող դավանափոխ հայերի մկրտվելուն՝ նրանցից անհիմն ու անհեթեթ տեղեկանքներ պահանջելով, մեկ էլ հրովարտակ եք ուղարկում Հայաստանյաց առաքելական եկեղեցիներին՝ թե չմկրտեք դավանափոխ եղած իրենց արմատները վերագտնել ցանկացող արևմտահայերին, մինչև ձեր համաձայնությունը չլինի: Բայց ո՞վ եք դուք, որ բռնանում եք մարդկանց կամքին, չափից ավելի լիազորություններ չե՞ք վերապահում ձեզ: Այստեղ էլ, անհասկանալիորեն հեզ ու խոնարհ հետևում են ձեզ, անգամ պետական կառույցներն են փորձում միջամտել, այն դեպքում, երբ աշխարհի գրեթե բոլոր երկրների սահմանադրություններում, ինչպես նաև ՀՀ, գրված է որ մարդն ունի խղճի, դավանանքի ազատության իրավունք, որ դա իր նեղ անձնական գործն է:

Հարց. կարծում եք հաճոյացա՞ք Թուրքիայի նախագահին ու ժողովրդին… Նախագահին՝ չգիտեմ, բայց վստահ եմ՝ ժողովրդի մեջ կգտնվեն շատ շատերը, որ այդ հրապարակային նվաստացման մեջ կտեսնեն նաև Թուրքիայի նվաստացումը, քանզի ձեր քայլն աշխարհին ապացուցեց, որ 101 տարի հետո էլ հայը Թուրքիայում դեռ այնպես է վախեցած, որ չի կարող ոչ միայն բարձրաձայնել իր ցավը, այլև՝ սարսափած է, երբ այդ անում են ուրիշները: Դուք ճիշտ ու ճիշտ արջի ծառայություն մատուցեցիք, ավելին՝ խայտառակեցիք նաև ներկայիս Թուրքիան: Որ այդ երկիրը չի եղել ու չի կարող լինել ժողովրդավար: Այսպիսով՝ պարոն Ա.Ա., մեր առաջարկն ու հորդորն է. հանկարծ չգաք Հայաստան, չփորձեք պղծել մեր հողը:

Մենք ստիպված ենք Զվարթնոցում ձեզ դիմավորել հոտած ձվերով և ճզմված լոլիկներով: Իսկ եթե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակի որպես ռազմական գաղտնիք պահել ձեր ժամանումը, մենք ստիպված ենք այդ գործողությունը անել Սուրբ Էջմիածնում՝ հենց Մայր Աթոռի դարպասների մոտ՝ ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրում: Լավագույն խորհուրդը ձեզ՝ չգաք Հայաստան, մի վտանգվեք ու վտանգեք մեզ

«Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» հասարակական–քաղաքացիական նախաձեռնություն                              

ք. Երևան, 20 հունիս 2016 թ. 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more