Մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի և ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի միջև բարեկամության և համագործակցության ծրագրերով Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Վահան Ալեքսանյանն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանն այցելել են Ստեփանակերտի քաղաքապետարան:
Հյուրերին ընդունել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ ծրագրերը, ինչպես նաև նախանշել են հետագա համագործակցության ուղիները: Ստեփանակերտի քաղաքապետը գոհունակություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի և Նորք-Մարաշ վարչական շրջանի կողմից Ստեփանակերտին ցուցաբերվող մեթոդական և նյութական աջակցության համար: Երևանից ժամանած հյուրերն այցելել են Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության հինգ մանկապարտեզ և մեկ դպրոց, մեթոդական և գործնական աջակցություն ցուցաբերել սննդամթերք ստանալու պայմանների, պահպանման ժամկետների, հայալեզու պիտակավորման և դպրոցական ճաշարանի ընդհանուր պայմանների վերաբերյալ:
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի առաջարկությամբ այնուհետ քաղաքապետարանում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ, մանկապարտեզների և դպրոցների տնօրեններ և տեխնիկական աշխատակիցներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ուսումնասիրության արդյունքները, արձանագրված խնդիրները և թերությունները վերացնելու նպատակով նախատեսվող միջոցառումները: Խորհրդակցության արդյունքները ներկայացվել են Ստեփանակերտի քաղաքապետին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստեփանակերտ քաղաքի մանկապարտեզների տնօրենների փոխադարձ այցելություն կազմակերպել Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջան` մանկապարտեզների միջև փորձի փոխանակման և աշխատանքային ծրագրերն ընդլայնելու նպատակով:
Ստեփանակերտ այցելած հյուրերն իրենց հետ տարել են նաև ԼՂՀ զորամասերում ծառայող զինվորներին հասցեագրված՝ նորքմարաշցի դպրոցականների ուղարկած նամակներն ու բացիկնեը, ինչպես նաև հուշանվերներ և քաղցրավենիք:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն