ՀՀ քննչական կոմիտեն այսօր հայտնել է, որ բացահայտվել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության դեպքը։ Մամուլում հրապարակումներ կան, որ գործով անցնող անձանցից մեկը՝ Սասուն Առուշանյանը Արցախի նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի անվտանգության խմբի ղեկավարն է եղել։ Այս թեմայի շուրջ «Ֆակտոր»-ի հետ զրուցում Սամվել Բաբայանը նշել է․ «Մոտ մեկ ամիս առաջ մենք դիմել էինք ՔԿ, քանի որ ինֆորմացիա էր տարածվել, թե Սամվել Բաբայանը սպանել է Խորխոռունուն և ևս չորս-հինգ հոգու։ Մենք դիմել էինք, որ քրեական գործ հարուցեին, որ տվյալ անձը, որ դրա մասին հայտարարել է, քննեն, հասկանանք։ ՔԿ-ից ասել էին, որ գործն ընթացքի մեջ է, մենք տեղյակ ենք։ Քրեական գործ չեն հարուցել տվյալ անձի վրա, որն այդպիսի ստեր է հրապարակում։ Հիմա այս մի փուլն անցավ, այսօր առավոտ հայտարարում են, որ գործը բացահայտվել է, էսքան գումար են տվել պատվիրատուները, գործը կատարել են էս մարդիկ և այլն։ Ինչ վերաբերում է Սասունին, որը, իբրև թե, ինձ մոտ ախրանի պետ է եղել, ընդհանրապես ես ախրանա չեմ ունեցել, որ պետ ունենամ։ Նա եղել է շտաբի վաշտի ծառայող, «աֆիցեր»։ 1999 թվականի սեպտեմբերին այդ մարդուն գործից ազատել եմ, Հայաստանից եկել են իր հետևից, ձերբակալել, բերել են Հայաստան՝ քննության, ինչ-որ մութ գործի համար։ Ինձ որ ձերբակալում են, մայիսին այդ մարդուն բաց են թողնում․․․ Ես հիմա մի բան կարող եմ ասել, որ իմ հետ, իմ անունի հետ կապելը հանցագործություն է․․․ Ասում են՝ գումարը տվել են, պատվերը կատարել են։ Այդ դեպքում գումար տվողն ո՞վ է, պատվիրատուն ո՞վ է, անուն-ազգանունը տվեք»։ Անդրադառնալով հարցին, թե բացառո՞ւմ է, որ եթե պատվիրատուների անունը տան, իր անունը չի հնչի, Բաբայանն ասել է․ «Իհարկե, բացառում եմ․․․ Ինձ հետ ոչ մի կապ չունի և չի կարող ունենալ։ Ես պետական մարդ եմ, պետությունից եմ խոսում, դուք՝ հանցագործներից»։ Հարցին, թե ՔԿ-ի հայտնած անուններից միայն Սասուն Առուշանյանին է ճանաչում, թե նաև մյուսներին, Բաբայանը պատասխանել է, որ անուն-ազգանուններով գիտի, թե ում մասին է խոսքը, և հավելել․ «Բոլորն ինձ մոտ ժամանակին ձերբակալված են եղել․․․»։ |
***
ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը․ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն։
Մասնավորապես՝ Ս.Ա.-ն հանդիսանալով զինծառայող, նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը:
1998 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին այդ կապակցությամբ Ս.Ա.-ն պայմանավորվածություններ է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Հ.Ն.-ի և Ա.Ա.-ի հետ և սպանություն կատարելու համար նրանց առաջարկել է համապատասխանաբար 10 հզր ԱՄՆ դոլար և 15 հզր ԱՄՆ դոլար գումար:
Ս.Ա.-ն սպանությունն իրագործելու համար իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Հ.Ն.-ի եղբորից՝ Ա.Ն.-ից, ձեռք է բերել «Մակարով» տեսակի ատրճանակի ինքնաշեն փող և խլացուցիչ, որոնք տեղադրել է իրեն պատկանող, ապօրինի պահվող, հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակի վրա, որից հետո այն քաղաքից դուրս գտնվող վայրում կրակելով փորձարկել է՝ պարզելու համար կրակոցի ձայնի խլացման աստիճանը և համոզվելով, որ խլացուցիչը բավարար չափով չի նվազեցնում ձայնը, փամփուշտների վառոդային լիցքը նվազեցնելու նպատակով Ա.Ն.-ի օգնությամբ գնդակները պարկուճներից առանձնացնելու եղանակով քանդել է փամփուշտները, այնուհետև ինքնաշեն եղանակով կրկին հավաքել դրանք, ինչի արդյունքում պարկուճների և գնդակների վրա մնացել են տեխնիկական ներգործության հետքեր։
Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար 1998 թվականի դեկտեմբերի 7-ին, իսկ Ս.Ա.-ն՝ դեկտեմբերի 8-ին եկել են Երևան՝ իրենց հետ բերելով նաև հանցագործության գործիք հանդիսացող նշված հրազենը։ Հանցավոր խմբի գործողությունները համակարգել և ամբողջությամբ պլանավորել է Ս.Ա.-ն, ով դեկտեմբերի 8-ին իր հանցակիցներին տարել և մատնացույց է արել այն շենքը, որտեղ բնակվել է Վահրամ Խորխոռունին։
1998 թվականի դեկտեմբերի 9-ի երեկոյան հանցավոր խմբի անդամները, գործելով նախնական համաձայնությամբ, հանդիպել են Հանրապետության հրապարակում և Հ.Ն.-ի վարած ավտոմեքենայով ուղևորվել Վահրամ Խորխոռունու բնակության վայր, որտեղ դարանակալել են՝ սպասելով վերջինիս տուն գալուն։
Ըստ նախնական դերաբախշման՝ Հ.Ն.-ն սպասել է ավտոմեքենայում, իսկ Ս.Ա.-ն և Ա.Ա.-ն գտնվել են շենքի մուտքի մոտ։ 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, երբ Վահրամ Խորխոռունին իր բնակարան գնալու համար մտել է շենքի մուտք, առաջին հարկի աստիճանահարթակում Ս.Ա.-ն և Ա.Ա.-ն հանդես գալով որպես համակատարողներ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Վահրամ Խորխոռունուն սպանելու դիտավորությամբ իրենց մոտ ապօրինի պահվող, 9մմ տրամաչափի ատրճանակային փամփուշտներ կրակելու համար վերափոխված՝ ինքնաշեն փող և խլացուցիչ ունեցող վերը նշված հրազենից նրա ուղղությամբ արձակել են հինգ կրակոց, որոնցից երեքը դեմքի, իսկ երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ հանցավոր խմբի անդամներ Ս.Ա.-ն, Ա.Ա.-ն և Հ.Ն.-ն անմիջապես հեռացել են դեպքի վայրից։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված հանցանքի կատարումը վկայող բավարար փաստերի հիմքով Ս.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (շահադիտական դրդումներով կատարված սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):
Վերջինս ձերբակալվել է:
Քրեական վարույթի նախաքննության հետագա ընթացքի և արդյունքների մասին Քննչական կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:
Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեում ներկայումս ուսումնասիրության առարկա են հանդիսանում նաև նախկինում կատարված հանրային հնչեղություն ստացած այլ սպանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները»: