Ոստիկանության լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը օգոստոսի 10-ին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցի ընթացքում մեկնաբանել է Խորենացու փողոցում ու Սարի թաղում լրագրողների հանդեպ բռնության դեպքերը։ Նա հավաստացրել է, որ բռնություն կիրառողների ոչ մեկը ոստիկան չի եղել։
Աշոտ Ահարոնյանի համոզմամբ`ցույցերի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների առկայությունն օրինաչափ է։ Ոստիկանությունն ունի ծառայություններ, որոնք պատասխանատու են օպերատիվ իրավիճակների համար։ Ահարոնյանը միանշանակ հաստատեց, որ մինչ օրս ոչ մի տեսանյութում չի տեսել քաղաքացիական հագուստով ոստիկանի, որը բռնություն է կիրառել լրագրողի նկատմամբ։ Այս առիթով նա մասնավորապես նշել է.
«Ես այս պահին չեմ հիշում մի դեպք, որ լրագրողը բռնության ենթարկվեր իր հրապարակման, ազատ խոսքի, իր մտքի համար: Այսինքն՝ լրագրողի հոդվածի համար նրա նկատմամբ հաշվեհարդար կիրառեն, ես նման դեպք չեմ հիշում: Արտակարգ իրավիճակներում, երբ որ ոստիկանությունը գործողություններ է կիրառում, երբ որ կան չարտոնված հանրահավաքներ, այո՛, հավանականություն կա, որ կարող է լրագրողը վնասվածք ստանալ թե՛ ֆիզիկական, թե՛ իր տեխնիկան վնասվի, դա ամբողջ աշխարհում ընդունված է, եւ ձեզնից յուրաքանչյուրը գիտի, որ նման միջոցառումների ժամանակ այդ ռիսկն ինքը կրում է: Այլ հարց է՝ դա արվո՞ւմ է դիտավորությամբ, թե՞ ոչ դիտավորությամբ, այսինքն՝ ոստիկանությունը գործողություն է անում եւ ոստիկանության ծառայողը կարող է ոչ դիտավորությամբ վնասել, խոչընդոտել, խոսքը դրա մասին չէ: Ցավոք նշեմ, որ կան դեպքեր, երբ որոշ անձանց կողմից ակնհայտ են դիտավորություն` հենց լրագրողի նկատմամբ բռնության»:
Դիտարկմանը, թե ուղիղ եթերով այդ ամենը մարդիկ տեսել են , Աշոտ Ահարոնյանը պատասխանեց. «Եթե դուք ինձ այդ ուղիղ եթերի տեսագրությունը ցույց տաք, որտեղ երեւում է բռնություն կիրառող ձեր կողմից նշված քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողը, ես ներողություն կխնդրեմ: Հակառակ դեպքում՝ կուզեմ, որ դուք անեք: Խնդրում եմ ինձ ցույց տվեք այդ տեսանյութը, որ ասենք` այս գործով կզբաղվենք։ Ցանկացած տեսանյութ կամ լուսանկար, որը հրապարակում եք, դառնում է մեզ համար ուսումնասիրության առարկա»,-ասաց նա։»: