▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասաց՝ արա, Կտրիճ Ներսիսյանիդ չմոռանաս բարեւել, երբ վզից բռնած վեհարանից դուրս շպրտենք». Տեր Սեբեոսը ՔՊ-ականի կնքահայրութամբ երեխա մկրտելուց հրաժարվելու մասին

Առավոտ․am-ը գրում է․ «Ոչ թե ես մերժել եմ մկրտել երեխային, այլ մերժել եմ նման կնքահայրությամբ մկրտել, ու դա շատ խաղաղ ու գեղեցիկ բացատրել եմ: Իմացա, որ ինքը ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանն է, իրենից ճշտեցի՝ ասաց՝ այո, ես եմ: Եվ հարցին՝ դո՞ւք եք, որ ԱԺ ամբիոնից իմ Վեհափառին կոչում եք ավազանի անունով եւ այսպես շարունակ, ասաց՝ այո եւ նորից կրկնում եմ»,-մեր խնդրանքով օրերս կայացած միջադեպը ներկայացրեց Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգեւոր հովիվ տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը: «Ասացի՝ պարոն Գրիգորյան, այդ դեպքում ի՞նչ գործ ունեք այստեղ: Ասաց՝ ես մկրտվող երեխայի կնքահայրն եմ լինելու, տեր հայր: Ասացի՝ լսեք պարոն պատգամավոր, եթե ձեր նշած ավազանի անունով, բայց ինձ համար Վեհափառը ձեր համար կաթողիկոս չէ, հետեւաբար ես՝ որպես իր ձեռքով օծված հոգեւորական, ձեզ համար պետք է անընդունելի լինեմ: Եթե ինձ համար Վեհափառ, ձեզ համար՝ ավազանի անունով հայրապետս օրհնել է այդ մյուռոնը, որով օծված է այս եկեղեցին, որով օծվել եմ ես, որով պիտի կնքվի, սուրբ մյուռոնով օծման արժանանա ձեր ապագա սանիկը, եւ եթե դուք չեք ընդունում Հայրապետի՝ ձեր խոսքով լեգիտիմությունը, ուրեմն այս եկեղեցին էլ, քահանան էլ, մկրտությունն էլ ձեզ համար պիտի անընդունելի լինեն: Ասացի՝ իմ տրամաբանությունը ճի՞շտ է: Ասաց՝ ոչ: Ասաց՝ դուք մեր եղբայրներն եք, մենք ձեզ գիտենք, դուք լավ քահանա եք, դուք այսպես եք, դուք այնպես եք, չէ՞ որ մենք նշել ենք, որ դուք մեր եղբայրներն եք: Ես, անշուշտ, նույն խաղաղության մեջ ասացի՝ այդպես չէ, ես պետք է որոշեմ՝ ով է իմ եղբայրը եւ ում եղբայրն եմ ես: Եվ կրկին շեշտեցի՝ եթե դուք ձեզ թույլ եք տալիս Վեհափառ հայրապետին անվանել ավազանի անունով, այդ դեպքում ես էլ ձեզ համար տեր Սեբեոս քահանա չեմ, հետեւաբար՝ իմ արած ծեսն էլ ձեզ համար չի կարող ծես համարվել: Իմ հիմնավորումը դա է եղել: Դրանից հետո լարում եղավ:
Վստահաբար իրենք ունեն շատ ձայնագրություններ, մի 30-40 հոգի էին, որից կեսից ավելին նկարահանում էր, եւ ես զարմանում եմ, որ մինչ հիմա այդ ձայնագրություններից ոչ մի հատված դեռ տեղ չի գտել սոցցանցերում: Ըստ երեւույթին, որովհետեւ իրենք պիտի ամոթով մնան իրենց պահվածքի, հայհոյանքների, սպառնալիքների համար, իսկ ինձ պախարակող որեւէ դրվագ այնտեղ չկա: Ես անգամ իրենց ասել եմ՝պատրաստ եմ ձեզանից ապտակներ ուտել եւ լռել, կուլ տալ այդ ամենը, բայց դա չի փոխի ոչինչ, դուք չեք կարող կնքահայր լինել: Սա է իրականությունը: Ես իրենց բազմիցս խնդրել եմ՝ փոխեք կնքահորը, եւ այս բալիկին մկրտենք: Հատկապես, որ իմ հորդորով էին այդ բալիկին բերել 40-րդ օրը մկրտելու՝ կանոնի համաձայն: Իրենք ինձ պատասխանեցին, որ մենք քավոր փոխող չենք, ես էլ պատասխանել եմ, որ ես էլ թույլ տվող չեմ, որպեսզի նման կնքահայր ունենա այդ բալիկը»,-հավելեց տեր Սեբեոսը:

Ինչ վերաբերվում է ՔՊ-ականների կողմից ավելի հին տեսանյութ շրջանառելուն, հոգեւորականն այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ՝ ում հետ են կապում, ինչ նկար են դնում, դա ես եմ՝ Նիժնի Նովգորոդի Սուրբ Ամենափրկիչ հայոց եկեղեցու հոգեւոր հովիվը՝ տեր Սեբեոսը, այն թագավոր քահանան, որը տարիներ առաջ կրկին նիկոլականների պատճառով բարկության տրված նման կերպ էր արտահայտվել: Ես իմ կարծիքը չեմ փոխել եւ գտնում եմ, որ հոգեւորականն արժանի է այդ հարգանքին, պարզապես ես այն ժամանակ իմ բարկությունն ու այդ խոսքն ասելու ձեւը հարիր չէր, ինչի համար ներողություն եմ խնդրել, բոլորս մարդ ենք, կարող ենք բարկության պահի պոռթկումի մեջ հայտնվել: Ամենակարեւորը, կիրակի օրը՝ այս միջադեպի ժամանակ Աստված ինձ ուժ եւ զորություն է տվել մնալու քահանայական կեցվածքի մեջ եւ իրենց իմ միտքը խաղաղությամբ հասցնելու: Ընթացքի մասին չեմ խոսում, թե ինձ ինչ պիտակավորումներ են արել, այն քահանային, որին ասում էին՝ դուք շատ լավ տեր հայր եք, մեր եղբայրն եք, ձեզ շատ լավ ճանաչում ենք, 13 տարի է, այստեղ ծառայում եք, լավն եք, բարի եք, ուզում էին հաճոյանալով փոխել իմ մոտեցումն ու որոշումը: Բայց դա տեղի չունեցավ, որովհետեւ երբ մենք ձեր ուզածն անում ենք, լավն ենք, երբ փորձում ենք ելնելով մեր սկզբունքներից, համոզմունքներից՝ հոգեւոր ծառայության ինչ-որ բան ձեզ պարտադրել շտկել, հորդորել կամ հանդիմանել, դառնում ենք ձեր աչքի փուշը: Այստեղ էլ նույն բանը տեղի ունեցավ, խոսքերը չեմ ուզում ասել, ուղղակի որպեսզի դուք պատկերացնեք, նշեմ, որ մինչ այդ սիրելի քահանային 5 րոպե հետո, կներեք խոսքիս համար, сопляк անվանեցին: Դա ամենապարզ խոսքն է, որ ինձ թույլ եմ տալիս փոխանցել, սատանա եւ այլ բաներ արդեն սովորել ենք: Իսկ ամենավերջում այդ վայ պատգամավորի խոսքը հետեւյալն էր. «Արա, Կտրիճ Ներսիսյանիդ չմոռանաս բարեւել, երբ նրան վզից բռնած վեհարանից դուրս շպրտենք»: Ես ինչպե՞ս կարող էի նման մարդուն թույլ տալ արժանանալ կնքահայրության մեծ եւ հոգեւոր պատվին, սա է ամբողջ իրականությունը՝ առանց ավելորդ մանրամասնությունների»: Նիժնի Նովգորոդի Սուրբ Ամենափրկիչ հայոց եկեղեցու հոգեւոր հովիվն ընդգծում է. «Հույս ունեմ, որ այս ամենը պիտի փոխվի մի օր; Իրեն ցույց եմ տվել ձայնագրություններ, նկարներ, ասել եմ՝ պարոն պատգամավոր, չէ՞ որ դուք երկու արքեպիսկոպոսի կալանավորել եք, դուք եւ ձեր նմանները կիսում եք Ռոման Բաղդասարյանների կարծիքը, ասել եմ՝ եթե դուք համարում եք հայրապետին ոչ հայրապետ, եպիսկոպոսներին՝ ահաբեկիչ, ինչպես կարող եք ինձ ընդունել որպես քահանա, չէ՞ որ ես նրանց զավակն եմ, դուք իմ հորը վիրավորում եք, եւ ուզում եք իմ կողմից պատվի՞ արժանանալ… Ես փորձում եմ իրենց հասկացնել՝ եթե դուք կալանավորել եք Միքայել սրբազանին , ուրեմն կալանավորված է նաեւ տեր Սեբեոսը, որի ստորադաս հոգեւորականն է, եթե ես կալանավորված եմ, ուրեմն ձեր ծեսը չի կարող տեղի ունենալ, պիտի ինձ կալանքից ազատեք, որ կարողանամ դա անել: Ինչպե՞ս կարելի է եկեղեցուն վերաբերվել այդպես: Չէ՞ որ մենք ենք տասնյակ տարիներ շարունակ մկրտում ձեր զավակներին, Աստված ձեր ծնողներին երկար կյանք տա, իրենց հողին հանձնում՝ մեր աղոթքով, մենք ենք օրհնում, պատարագներ մատուցում, չէ՞ որ մենք ենք հոգեւոր սպասավորությունը բերում ձեզ՝ անգամ եթե սխալներով, ընկնելով, վեր կենալով, բայց դուք ինչպե՞ս կարող եք այդ ամենը մի կողմ թողած՝ մեզ ամբողջ աշխարհի առաջ ահաբեկիչ անվանել: Իրենք, իհարկե, մնացին իրենց համոզմունքների մեջ, եւ իմ վերջին խոսքերը դրանք եղան; Հուսամ, որ այս սեւ ու դառն իրականությունից մի օր դուրս կգանք՝ Աստծո զորությամբ, օգնականությամբ եւ մեր բոլորի հավատարիմ աղոթքով»:

«Գեղարդ» ակումբին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանի մեկնաբանությունը՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more