ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում ելույթ ունենալով անդրադարձավ Հաց բերող Արթուր Սարգսյանի խնդրին՝ նշելով.
«Կոռեկտ չեմ համարում Սարգսյանի մահվան շահարկումը, իսկ օրենքի տեսակետից այն թույլատրելի է այս հարթակում այդ հարցի քննարկումը նկատի ունենալով, որ այդ փաստով քննվում է քրեական գործ: Նրա երկրորդ անգամ կալանավորվելու վերաբերյալ դատախազության պաշտոնական կայքում տրվել են մանրամասն պարզաբանումներ: Առաջին անգամ կալանավորումը որպես խափանման միջոց չի փոխվել միջգերատեսչական հանձնաժողվի եզրակացության արդյունքում»:
Արթուր Դավթյանը հավելեց, որ դեկտեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից խափաման միջոցը Արթուր Սարգսյանի նկատմամբ վերացվել է զուտ բժշկական կոնսիլիումի եզրակացության հիման վրա:
«Կոնսիլիումի մասնագիտական կարծիքն այդ պահին մեզ հնարավորություն է տվել հետեւության գալու, որ այդպիսի առողջական վիճակով, ըստ էության, հավանականությունը նվազ էր, որ Արթուր Սարգսյանը պատշաճ վարքագիծ չի ցուցաբերի»,- ասաց գլխավոր դատախազն ու նշեց, որ դրանից հետո ընթացակարգը պահելու համար նշանակվել է միջգերատեսչական հանձնաժողովի փորձաքննություն:
Ստացած եզրակացության պարզ ուսումնասիրությունը գլխավոր դատախազին ցույց է տվել, որ կոնսիլիումի եզրակացության մեջ կա ներքին հակասություն, որ այդ եզրակացության հետեւություններում համապատասխան հիվանդության նկարագրումը չէր համապատասխանում կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան հիմնավորմանը:
«Կրկնակի փորձաքննութամբ ավելի հստակեցվեց նախորդ եզրակացությունում առկա բացերը, եւ բացի դրանից, առավել համակողմանի հետազոտությունների արդյունքում տրվեց վերջնական եզրակացություն, որի համաձայն Արթուր Սարգսյանի համապատասխան հիվանդություններն ամբողջապես չէին համապատասխանում կառավարության որոշմամբ սահմանված կալանքի հետ անհամատեղելի հիվանդությանը»,- ասաց նա:
Արթուր Դավթյանն ընդգծեց նաեւ, որ ոչ թե մասնագիտական եզրակացությունները հիմք դարձան Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորվելու որոշման համար, այլ դատավարական օրենքի պահանջը:
«Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված էր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին: Դատավարական այս բոլոր գործընթացներն ապահովելով հանդերձ Արթուր Սարգսյանը խախտել էր իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանները: Բացի այդ, գործով տվյալներ էին ստացվել նաեւ Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության վերաբերյալ»,- մանրամասնեց գլխավոր դատախազ՝ Արթուր Դավթյանը::