Մամուլում հայտնվել է հրապարակում, որի համաձայն` Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներից մեկին տուգանել է այն բանի համար, որ վերջինս Ամանորին չի զարդարել իր տիրապետության տակ գտնվող անշարժ գույքը:
«Կենտրոն վարչական շրջանը տնտեսվարողներից մեկին (չեմ կարող անունը նշել, որովհետև հրապարակման մեջ հստակեցված չէ) վարչական տույժի է ենթարկել, որը կատարել է Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի` 48-Ն որոշման հիմքում: Տվյալ որոշման 6-րդ կետով նախատեսվում է հետևյալը. «Քաղաքային նշանակության փողոցներում գտնվող առևտրային նշանակության օբյեկտների տոնական զարդարումն Ամանորին և Ծննդյան տոներին` յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 13-ը ներառյալ: Ավագանու այս որոշումը վերաբերում է պարտադիր բարեկարգման կանոններին Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում: Այսինքն` այս որոշման 6-րդ կետով նշվում է հստակ պահանջ, որևէ արտառոց բան չկա»,-Asekose.am-ին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Նա շեշտեց նաև, որ վերջին տարիներին իրենց տնտեսվարողների գերակշիռ մեծամասնությունը, ի պատիվ իրենց, այդ ամենն ապահովում է.
Տարեցտարի դա շատ ավելի ակնհայտ ու տեսանելի է դառնում: Նույնիսկ այս պահին տեղին է օգտագործել «մրցակցություն» բառը, որը ստեղծվում է տնտեսվարողների միջև, այսինքն`պարզ է դառնում, թե ով ավելի գեղեցիկ կզարդարի: Մենք` էլ որպես քաղաքային իշխանություն, սահմանել ենք «Լավագույն ձևավորում» մրցանակը, որը տրվում է համապատասխան տնտեսվարողներին, ինչը շահագրգռող հանգամանք է: Իհարկե, կան անբարեխիղճներ, բայց դրանք շատ փոքր քանակ են կազմում: Իսկապես տնտեսվարողների միջև նկատելի է շատ ողջունելի մրցակցություն, քաղաքն էլ գեղեցիկ տեսք է ստանում»,-իր խոսքը եզրափակեց Արթուր Գևորգյանը:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան