▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Չախոյանին, առանց որևէ օրինական պատճառաբանության, ՀՀ քաղաքացիություն չեն տրամադրում

Հանրային գործիչ Արթուր Չախոյանին ՀՀ քաղաքացիություն չեն տրամադրել։ Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում՝ գրելով․

«Ներքին գործերի նախարարությունից քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ ինձ ՀՀ քաղաքացիություն չտրամադրելու որևէ իրավական հիմք չկա, սակայն, առանց որևէ օրինական պատճառաբանության, շարունակում են մերժել ինձ ՀՀ քաղաքացիություն տրամադրել։

Այս գործընթացը ես գնահատում եմ որպես քաղաքական ճնշում՝ պայմանավորված իմ կողմից իրականացված կոռուպցիոն բացահայտումների, քանի որ իմ նման այլ անձինք, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, օրենքով սահմանված ժամկետներում ստացել են այն։

Այս իրավիճակը հստակ վկայում է, որ իշխանությունը վախենում է ինձ ՀՀ քաղաքացիություն տրամադրել»։

***

ՄեդիաՀաբը դիմել է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանին՝ հասկանալու, թե ո՞րն է Չախոյանին քաղաքացիություն չտրամադրելու պատճառը։ Դավթյանը նախ ասաց, որ իրենք չեն մերժում Արթուր Չախոյանին ՀՀ քաղաքացիություն տրամադրելը, պարզապես այս պահին որոշում չկա, քանի որ իրենց կողմից ժամկետների խախտում է տեղի ունեցել, և խոստացավ, որ մոտ օրերս կլինի որոշումը։ 

«Մենք չենք մերժում, գուցե ճիշտ կլիներ իրավիճակը նկարագրել այլ կերպ, որ մի փոքր ձգձգվում է, որովհետև ես ստուգեցի, իսկապես վարչարարության ժամկետները մի փոքր գերազանցել ենք, առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում պատրաստ կլինի որոշումը։ Դա կլինի մերժման որոշում, թե շնորհման՝ պարզ կլինի այդ ժամանակ»,- ասաց Նելլի Դավթյանը։

Լրատվամիջոցի հարցին, թե ինչո՞ւ է ձգձգվել, իրենց աշխատակիցների թերացո՞ւմն է պատճառը, Դավթյանն այսպես բացատրեց․ «Միջգերատեսչական համագործակցության կտոր կա այս պրոցեսի մեջ, պետք է նշեմ, որ քաղաքացիության շնորհման գործերի հիման վրա, երբ անձը, տվյալ պարագայում օտարերկրյա քաղաքացին, դիմում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, և տարբեր գերատեսչություններ հարցումներ են ուղարկվում, և, կապված դիմումատուի վերաբերյալ առկա տեղեկատվությունից, տարբեր տվյալներից ու հանգամանքներից, տարբեր է գերատեսչությունների քանակը։ Հիմա էնպես է ստացվել, որ սահմանված ժամկետում չենք կարողացել կազմակերպել պրոցեսը, մի քանի օրով խախտել ենք, դրա համար շատ արագ եզրակացությունը կտրամադրվի։ Ըստ ընթացակարգի՝ այն ուղարկվում է ՀՀ նախագահի աշխատակազմ, և վերջնական որոշումը լինում է նախագահի հրամանագրի տեսքով»։ 

Իսկ այն, որ Արթուր Չախոյանը գրել էր, թե ՆԳՆ-ից իրեն տեղեկացրել են, որ իրեն ՀՀ քաղաքացիություն չտրամադրելու որևէ իրավական հիմք չկա, կա՞ այդպիսի բան, թե՞ հնարավոր է՝ մերժեն, Նելլի Դավթյանն ասաց, թե ՆԳՆ-ից այդպիսի հայտարարություն չի եղել։ 

«Դա զուտ թյուրըմբռնման արդյունք է։ Այդպիսի հայտարարություն չի եղել, ուղղակի բանավոր երկար-բարակ զրույց է եղել մեր աշխատակիցների հետ, դա է դիմումատուն քաղել որպես եզրակացություն, հիմա ես մի քիչ համաձայն չեմ այդ եզրակացության հետ»,- ասաց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը՝ նշելով, որ մեկ-երկու օրվա ընթացքում պարզ կլինի՝ շնորհվո՞ւմ է տվյալ անձին ՀՀ քաղաքացիություն, թե՞ ոչ։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more