Արարատի մարզի Արտաշատ քաղաքում երեկ երկու ամսական երեխա է մահացել: «Արտաշատ» բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանն Asekose.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխան իրենց հիվանդանոց տեղափոխվել է արդեն մահացած վիճակում:
«Երեխային երեկ մեր հիվանդանոց տեղափոխել են ծնողները` արդեն մահացած վիճակում: Ըստ նախնական տեղեկության` երեխան հանկարծամահ է եղել: Մահվան պատճառը դեռ չգիտենք, բայց ծնողները նշում են, որ դեպքը հանկարծակի է պատահել, և մինչ այդ երեխան ջերմություն կամ անհանգստություն չի ունեցել»:
Վարդան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հիվանդանոցում զննել են երեխայի ընտանիքի անդամներին և վստահ կարող են ասել, որ դեպքը կապ չունի H1N1 վարակի հետ:
«Սուր շնչառական վարակի ախտանիշներ ընտանիքի անդամների մոտ չկան: Նրանք առողջ են: Եվ սա միանշական հանկարծամահություն է»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց «Արտաշատ» բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը: