Թարմացված․ Զանգվածային լրատվամիջոցներից մեկում տեղեկատվություն է տարածվել, թե իբր Երևանում քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել տղամարդու և ևս 2 հոգու փնտրում են։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ-ից։
Հայտնում ենք, որ հուլիսի 17-ին՝ ժամը 1.00-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բատիկյան փողոցով անցնող ջրանցքն են ընկել քաղաքացիներ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ և ոստիկանության օպերատիվ խմբեր։
Փրկարարները դեպքի վայրում ջրանցքի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ։
Պարզվել է, որ ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի, որը դուրս է բերվել և տեղափոխվել հիվանդանոց։
***
Տարածված տեղեկատվությունը, որ ևս երկու քաղաքացի է ընկել ջրանցքը, չի համապատասխանում իրականությանը:
Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ահազանգ է ստացվել, որ Բատիկյան փողոցով անցնող Մալաթիայի ջրանցքն են ընկել քաղաքացիներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ջրանցքից քաղաքացիներին հաջողվել է դուրս բերել մեկ մարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 քաղաքացի է ընկել ջրանցքը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փրկարարները, քաղաքացիները և պարեկները սկսել են որոնողական աշխատանքներ, իսկ համայնքային ոստիկանները, տղամարդու հայտնած տեղեկությունները ճշտելու նպատակով, նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ պարզվում են դեպքի հանգամանքներն ու ոստիկանություն տեղափոխված տղամարդու ինքնությունը։


