ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիք»-ը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին Գլխավոր դատախազություն:
Այս մասին Դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը:
«Հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնում իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ»,-ասաց Բաբայանը:
Բաբայանը նշեց նաև, որ հանցագործության մասին հաղորդման բովանդակությունը ներառում է այս երկու տարիների ընթացքում քաղաքական իշխանության կողմից նախաձեռնված և իրականացված ամբողջ գործընթացը.
«Մենք հիշում ենք, որ քաղաքական իշխանությունը կազմակերպված ձևով և խմբի կողմից Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելու համար իրականացրեց բազմաթիվ գործողություններ, այդ թվում օրենքի խախտում կար, որ նույն անձը չի կարող երկու անգամ ներկայացվել:
Բացի դրանից, հետագայում եղավ Գրիգորյանի կողմից ՍԴ նախագահի ինքնահռչակումը և դրանից հետո արդեն հայտնի օրենքների փոփոխությունները, հարուցված քրեական գործերը:
Դրան հաջորդեց Սահմանադրության փոփոխությունները, այսօր էլ ԱԺ-ում արտահերթ նիստում պետք է իրենց փնթի աշխատանքը սղագրեն:
Այս ընթացքում եղել են բազմաթիվ հանցավոր արարքներ, օրինակ ԱԺ նախագահի կողմից ինչ-որ հաղորդագրության հրապարակում: Մենք գիտենք, որ անհատական իրավական ակտով պետք է դադարեցվի դատավորների լիազորությունները»:
Հավելենք, որ վերոնշյալ կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազությանը ներկայացրին հանցագործության մասին հաղորդում՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ: