▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արշակ Սադոյանը Գյումրուն հատկացված կահույքը բեռնատարներով տանում էր Երևան...

1992 թվականին անջատեցին Գյումրի մտնող գազը, դատարկեցին խանութները, քաղաքը զրկեցին ալյուրից, որովհետև դեկտեմբերի 7-ին գյումրեցիները հանդգնել էին երկրի ղեկավարին վատ ընդունել:
Մի քանի օր շարունակ քաղաքը սովի էր մատնված: Հավաքվում էինք քաղխորհրդի գործկոմում Կարլեն Համբարձումյանի կողքին, անորոշ հայացքներով իրար նայում:
Հետո ժողովուրդն ըմբոստացավ ու հարձակվեց քաղաքային իշխանությունների, քաղխորհրդի նախագահ Կարլեն Համբարձումյանի վրա:
Զանգահարեցի կառավարություն, վարչապետ Խոսրով Հարությունյանին: Անմիջապես պատվիրակություն ուղարկեց՝ փոխվարչապետ Գևորգ Վարդանյանի՝ Ժոկոյի, գլխավորությամբ: Ժողովուրդը ելավ նաև նրանց դեմ: Մի կերպ թաքցրեցինք տեքստիլագործների մշակույթի պալատում: Ընտրվեց նոր նախագահ՝ Լյովա Ադամյանը: Ես նշանակվեցի քաղխորհրդի նախագահի խորհրդական: Տեղակալներ նշանակվեցին Գոռիշխան Կարապետյանը, Լավրենտի Կակոսյանը, Ռոմիկ Ստեփանյանը, Արտյուշա Մովսիսյանը...
Տասն օր շարունակ ոչ մեկս տուն չէինք գնում, գիշերում էինք քաղխորհրդի գործկոմի շենքում: Սնվում էինք ձկան հնացած պահածոներով: Բայց քաղաքն ապրեց: Քարակերտից ու Արագածից ալյուր բերեցինք, Վանաձորից ու Թալինից՝ հաց...
Մթի ու ցրտի մեջ ծնվեց տղաս: Վերմակներով ծածկում էինք ու փոխում տակաշորերը: Մի օր ամբողջապես կանաչած էր: Մի կերպ հասցրեցինք Երևան: Փրկվեց: 
Հովհարային կոչվող անջատումը Գյումրուն չէր վերաբերում: Այստեղ օրեր շարունակ լույս չկար, ամբողջ տարածքին տրվում էր ընդամենը 13-14 մգվ հոսանք, որով էլ կենսապահովման օբյեկտներն ու հիվանդանոցներն էին լուսավորվում:
Եվ այս պայմաններում՝ Գյումրին բոլորից շատ զինվոր տվեց ղարաբաղյան պատերազմին...
Եվ այս պայմաններում ամեն օր Արշակ Սադոյանը, Վաչագան Հարոյանը Գյումրուն հատկացված կահույքն էին բեռնատարներով տանում Երևան...

 

Լևոն Մութաֆյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more