▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը կենաց է ասել Արցախի Տող գյուղում

 

Աշխատանքային այցով Արցախում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ապրիլի 2-ին այցելել է Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող՝ «Կատարո» գինու գործարան: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախագահ Սարգսյանը Բակո Սահակյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, որտեղ «Կատարո»-ի հիմնադիր տնօրեն Էդիկ Ավետիսյանը և որդին պատմել են իրենց անցած ճանապարհի և ապագա ծրագրերի մասին: Գործարանն Ավետիսյանների ընտանեկան բիզնեսն է։ Նրանք իրենց արտադրած գինին կոչել են Դիզափայտ սարի վրա գտնվող Կատարո վանքի անունով։ 

Էդիկ Ավետիսյանն ասել է, որ գինի սկսել են արտադրել 2002 թվականից: Նախագահ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Ավետիսյանների ընտանիքին։ Նշելով, որ գյուղի բնական պայմանները հրաշալի են խաղողագործության և գինեգործության համար՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Ցանկացած գործի հաջողության համար շատ կարևոր են հոգին ու սերը, իսկ դուք այն ներդնում եք»։ 

Ավետիսյանները նախագահ Արմեն Սարգսյանին գինի են հյուրասիրել։ Համտեսն ամփոփվել է կենաց-մաղթանքով.«Խաղաղություն այս հողին ու ջրին, հիշենք բոլոր հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին և շարունակում են ապրել անմահության մեջ»։ 

Այնուհետև երկու հայկական պետությունների նախագահները շրջել են Տող գյուղում, որը հարուստ է պատմական հուշարձաններով, եղել մելիքական ամրոցում և թեյի սեղանի շուրջ զրուցել տողեցիների հետ։

Նշենք նաև, որ  աշխատանքային այցով Արցախում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահները քննարկել են երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more