▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը Հենրի Քիսինջերին հրավիրել է այցելել Հայաստան

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերի հետ, ով 1973-1977 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, իսկ ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի եւ Ջերալդ Ֆորդի պաշտոնավարման տարիներին զբաղեցրել է Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը:

Հանրապետության նախագահը եւ Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարը մտքեր են փոխանակել համաշխարհային քաղաքականության եւ միջազգային անվտանգության խնդիրների շուրջ, մասնավորապես, անդրադարձել հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:

 

 

 

 

 

 

 

 

 

Արմեն Սարգսյանը եւ Հենրի Քիսինջերը վաղեմի բարեկամներ են: Հայաստանի նախագահը եւ ԱՄՆ նախկին պետքարտուղարը մշտապես օգտագործում են հանդիպումների առիթները՝ քննարկելու միջազգային, այդ թվում՝ տարածաշրջանային տարբեր խնդիրներ՝ դրանց անդրադառնալով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համապատկերում:

Նախագահ Սարգսյանը Հենրի Քիսինջերին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է նրա կողմից։

Հենրի Քիսինջերը 1973 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի Վիետնամում պատերազմի դադարեցման եւ խաղաղության վերականգնման մասին Փարիզի համաձայնագիրը կնքելու ջանքերի համար:

Ավելացնենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ամերիկացի հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասի հետ, ով 2003 թվականից զբաղեցնում է ամերիկյան Արտաքին հարաբերությունների հարցով խորհրդի (Council on Foreign Relations) նախագահի պաշտոնը։ Ռիչարդ Հաասը 1989-1993 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հատուկ խորհրդականի պաշտոնը, իսկ 2001-2003 թվականներին եղել է ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի գլխավոր խորհրդականը։ Նախագահ Արմեն Սարգսյանը եւ Ռիչարդ Հաասը մտքեր են փոխանակել համաշխարհային քաղաքականության, միջազգային անվտանգության, հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման հեռանկարներին։ Նշենք նաև, որ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ:

Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի ավելի քան 70 երկրներից պետական, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, ովքեր քննարկումներ են ունենում միջազգային անվտանգության քաղաքականությանն առնչվող հարցերի, մասնավորապես անվտանգության ներկա եւ ապագա մարտահրավերների շուրջ:

Նախագահ Սարգսյանը եւ դեսպան Իշինգերը կարեւորել են անվտանգության հարցերի շուրջ հանգամանալից քննարկումների անցկացումը, համաշխարհային, այդ թվում՝ տարածաշրջանային առկա խնդիրներին երկխոսության միջոցով լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դեսպան Իշինգերը հրավիրել է նախագահ Սարգսյանին՝ ելույթ ունենալու Մյունխենի
անվտանգության միջազգային համաժողովում։

Հանրապետության նախագահը նշել է, որ տարեցտարի Մյունխենի անվտանգության համաժողովն ավելի ներկայացուցչական եւ ազդեցիկ է դառնում, իսկ քննարկվող խնդիրներն արտացոլում են միջազգային անվտանգության ոլորտում արդի մարտահրավերները: Նա կարեւորել է դեսպան Իշինգերի մեծ ներդրումը համաժողովի՝ որպես միջազգային կարեւորագույն հարթակներից մեկի կայացման գործում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more