Արցախի նախագահի ընտրությունը տեղի կունենա հուլիսի 19-ին: Սահմանված կարգով եւ ժամկետներում՝ սույն թվականի հուլիսի 5-12-ը ներառյալ, Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկու թեկնածու՝ Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանը («Շարժում -88» խմբակցության կողմից), Բակո Սահակի Սահակյանը («Հայրենիք», «Դաշնակցություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունների կողմից):
«Մինչև ապրիլյան պատերազմը Արցախում ևս ցանկանում էին անցնել խորհրդարանական կառավարման համակարգի, մշակվել էր Սահմանադրությունը, սակայն պատերազմը լուրջ ազդեցություն ունեցավ և քաղաքագետների, պաշտոնյաների հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում հանգեցին այն եզրակացության, որ անհրաժեշտ է ուժեղ նախագահական համակարգ, քանի որ Ադրբեջանի վերջին գործողությունները ցույց են տալիս, որ անգամ գիշերը ժամը երեքին կարող է անհրաժեշտ լինել, որպեսզի մեկ հոգի հստակ ու կտրուկ որոշում կայացնելու հնարավորություն ունենա: Քանի որ նոր էր ընտրված Ազգային ժողովը և կառույցների լուծարումը կարող էր որոշակի դժվարություններ առաջացնել, դրա համար անցումային շրջանի անցնելու և 3 տարի ժամկետով նախագահ ընտրելու որոշում կայացվեց: Քննարկումների ժամանակ հիմնական գործող քաղաքական ուժերը հանգեցին այն եզրակացության, որ անհրաժեշտ է, որպեսզի Արցախը ղեկավարի Բակո Սահակյանը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Անի Կարապետյան