«Արցախցիներն այստեղ էլ են բլոկադայի մեջ»․ արցախցի կին
Կառավարության շենքի դիմաց ընթանում է արցախցիների բողոքի ակցիան։ Կառավարության ներկայացուցիչը դուրս էր եկել՝ առաջարկելու 4-5 հոգանոց խմբով փոխվարչապետի գրասենյակում քննարկում կազմակերպել, այդ ժամանակ արցախցի կանանցից մեկը մոտեցավ նրան՝ ասելով․ «Գնում է, ինչքան թուրք կա, հետը հանդիպում է։ Մի արցախցու ինչի՞ չի հանդիպել։ Սոցապ նախարարը ստեր է հորինում, ասում, վարչապետն էլ ասում է՝ շատ լավ է, ի՞նչն է լավ։ Արցախցիներն այստեղ էլ են բլոկադայի մեջ»։
***
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները ակցիայի ժամանակ հայտնեցին, որ ՀՀ Կառավարությանը իրենց կողմից ներկայացված 12 կետանոց պահանջագրից 11-ն ընդհանրապես փոփոխության չի ենթարկել։
Նրանք ներկայացրեցին խորհրդի հրատապ-պահանջագիրը՝ պահանջելով անվերապահ կերպով վերականգնել բնակվարձը բոլոր տեղահանված արցախցիների համար՝ մինչև բնակարանով պատշաճ ապահովելը։ Տրամադրել լրացուցիչ աջակցություն խոցելի ընտանիքներին, ինչպես նաև մեծացնել աջակցությունը տուն կառուցելու բաղադրիչի համար։
Նշենք, որ արցախցիների խումբը այնուամենայնիվ ընդունելով Կառավարության ներկայացուցչի առաջարկը, մտավ կառավարության շենք, որտեղ նրանց հանդիպում է սպասում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում։ Խմբի կազմում է նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
***
«Էս բողոքի ակցիաները շարունակվելու են այնքան մինչև մեր հարցերի պատասխանները չստանանք»,- Կառավարության շենքի դիմաց ի պաշտպանություն արցախցիների իրավունքների կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Վերածնվող Արցախ» շարժման ղեկավար Անաստաս Իսրայելյանը․ «Կառավարությունը պետք է լուրջ դիրքորոշում հայտնի, որ այս տեղահանված, ցեղասպանությունից փրկված ժողովրդին պետք է տեր կնագնի։ Էս ժողովուրդը պահանջում է անել ամեն ինչ, որ ապրի մայր Հայաստանում՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ իրենց մեղքով են հասել այս վիճակի։ Էս երկու տարվա մեջ իրո՞ք չեն տիրապետում իրավիճակին։ Գոնե մեղմացրեք ձեր մեղքերը, էս մարդկանց տեր կանգնեք»,- ասում է Իսրայելյանը՝ նշելով, որ բնակապահովման ծրագրում իրենց պահանջած փոփոխությունները չեն կատարվել։
***
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիներիբ Վարչապետի աշխատակազմից Հայկ Սիմոնյանը առաջարկեց փոքրիկ խմբով հանդիպում կազմակերպել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում, լսել նրանց հարցերը։ Նա հրաժարվեց հանրային կերպով պատասխանել ակցիայի մասնակիցների հարցերին։
«Մենք դեմ ենք առաջարկին, թող իջնեն լրագրողների ներկայությամբ պատասխանեն մեր հարցերին»,- հայտնեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը․ «Մեր պահանջն այն է, որ մինչև տվյալ ընտանիքի մշտական բնակության հարցը չլուծվի նրանք շարունակեն ստանալ սոցիալական աջակցությունը։ Լավ, ասենք երկու ամսով երկարացրեցին, երկու ամսից նորից գանք ստեղ կանգնե՞նք, խեղկատակություն չի՞»,- ասում է Ստեփանյանը՝ շեշտելով, որ բոլոր քննարկումներին գնացել են, սակայն իրենց այդպես էլ չեն հասկանում և խնդիրներին լուծում չի տրվում։
Հայտնել էինք, որ մի խումբ արցախցիներ, ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի գլխավորությամբ համաձայնեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում մասնակցել քննարկման։
Քիչ առաջ նրանք դուրս եկան կառավարության շենքից։ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ քննարկման արդյունքում որևէ համաձայնության չեն եկել․ «Բնակվարձի ծրագիրը շարունակելու հնարավորության շուրջ որևէ ձևով համաձայնություն չեղավ։ Նշեցին, թե կառուցողական են տրամադրված ծրագրերի բարելավումների վերաբերյալ, բայց իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ անիմաստ է»,-ասաց Ստեփանյանը։
Նրանք հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet