▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախցիները Լևոն Հայրապետյանի հարցով բաց նամակով դիմել են Ռուսաստանի ազդեցիկ հայերին

Համացանցում է հայտնվել մի հայտարարություն, որում Ռուսասատանում ապրող ազդեցիկ հայերին կոչ է արվում հանդես գալ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի: Ներկայացնում ենք տվյալ հայտարարությունն առանց խմբագրման և մեկնաբանության.

Հարյուրավոր արցախցիներ միացել են Ռուսաստանի ազդեցիկ հայերին ուղղված բաց նամակին: Նամակի հեղինակները կոչ են անում հայերին թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում անհատական և խմբային կարգով միանալ բաց նամակին՝ տարածելով դրանք սոցիալական ցանցերում: Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Այն ժամանակ, երբ մեր մեծանուն հայորդի Լևոն Հայրապետյանին անարգում են ռուսական բանտում, դուք բերաններդ ջուր եք առել: Արա Աբրահամյան, որտե՞ղ է ձեր արժանապատվությունը, երբ այն գործով է պետք ապացուցել: Ռուբե՛ն Վարդանյան, Դուք, որ Լևոն Հայրապետյանի կողքից չէիք հեռանում, ո՞ւր եք կորել: Մի՞թե այդքան հեղինակազրկված է մեր կաթողիկոսի եղբայր Եզրասը, որ չի կարողանում անգամ Կիրիլի մոտ մտնել և ասել՝ այս ի՞նչ է կատարվում ձեր երկրում: Ձեր արժեքը սա՛ է, ոչ թե այն, որ ամեն տարի հայտարարվում է Կրեմլի պալատում զանազան շոուներում:

Ո՞ւր են «Ֆորբսի» մեծահարուստների ցուցակներում տեղ զբաղեցնելու համար աջուձախ հպարտացող հայեր Սամվել Կարապետյանը, Դանիիլ Խաչատուրովը, Նիկոլայ և Սերգեյ Սարկիոսովները, Ալբերտ Ավդոյանը:

Ո՞րտեղ է Հայրապետյանի հաշվին թատրոններ կառուցած Արմեն Ջիգարխանյանը:  Որտե՞ղ է ռուսական ցարին իր նամակներով հայտնի Զորի Բալայանը: Սա չէ՞ ձեր արժեքը:

Փորձը ցույց է տալիս, որ պատմությունը ձեզ ոչի՛նչ չի սովորեցնում: 100 տարի առաջ Թուրքիայում ապրող հայ մեծահարուստները ձեզանից ոչնչով չէին տարբերվում:

Երբ ասում էին, որ անգամ ռուսերեն նորմալ խոսալ չկարողացող Եզրաս Սրբազանի փոխարեն պետք է մի հեղինակավոր, պատրաստված մարդ գլխավորի Ռուսաստանի թեմը, այսօրվա համար էին ասում:

Այսպիսի ստրկամտություն անգամ ձեր կողմից պատկերացնելն անհնար էր: Դուք գերազանցեցիք ինքներդ ձեզ: Երբ մեզանից, ձեզանից մեկին նման ստորացման են ենթարկում, իսկ դուք մատներդ մատներիդ չեք տալիս, անգամ վախենում եք ծպտուն հանել, հավատացած եղեք՝ ձեզ սպասում է նո՛ւյնը:

Ամո՛թ ձեզ,  Ռուսաստանում ապրող ազդեցիկ հայ ստրուկներ: Խելքի՛ եկեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more