Asekose.am-ը նյութ էր հրապարակել՝ «Նման բան չի կարող լինել. Իրականում որքա՞ն գումար է փոխանցել Գեղամավանի դպրոցը ԼՂՀ-ի հաշվեհամարին» վերնագրով՝ զրուցելով դպրոցի տնօրեն Շամամ Գրիգորյանի հետ:
Հրապարակմանն արձագանքել են Գեղամավանի դպրոցից, որը ներկայացնում ենք առանց խմբագրման ու մեկնաբանության:
18.04.2016 թվականի ժամը 16:02:37-ին Asekose.am կայքում հրապարակված «Նման բան չի կարող լինել. Իրականում որքա՞ն գումար է փոխանցել Գեղամավանի դպրոցը ԼՂՀ-ի հաշվեհամարին» նյութի վերաբերյալ հերքում-պատասխան:
2016 թվականի ապրիլի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ անհատներ, տարբեր կազմակերպություններ հանդես են եկել սահմանին կանգնած զինվորներին անհրաժեշտ իրերով և սննդամթերքով օգնելու նախաձեռնությամբ:
Այդ նախաձեռնություններից անմասն չէր կարող մնալ նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավանի միջնակարգ դպրոցը, որ ԱՀ-ի հատուկ հաշվեհամարին փոխանցել է 180.000 դրամ, ինչպես նաև հայրենիքի պաշտպաններին ուղարկել է նյութական օգնություն՝ սննդամթերքի տեսքով:
Տպագրված նյութի վերաբերյալ հերքում-պատասխանի անհրաժեշտությունը առաջանում է հոդվածում արծարծված երկու կարևոր նկատառումները պարզաբանելու համար:
Առաջին՝ «Գեղամա» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որ դպրոցի կողմից փոխանցվել է 115.000 դրամ և երկրորդ՝ հոդվածում տեղ գտած այն պարբերությունը, որ «Ինչո՞ւ էր 265.000 դրամից ընդամենը 115.000 դրամը փոխանցվել հաշվեհամարին, ոմանց համար հանելուկ է մնացել» :
«Ոմանց» ինչպես նաև «Asekose.am» -ի խմբագրությանն է ներկայացվում դպրոցի աշխատակիցների պարզաբանումը.
«Գեղամա» հեռուստաընկերությունը 19.04.2016 թվականին տարածել է հաղորդագրություն, որ Գեղամավանի միջնակարգ դպրոցը ԱՀ-ի հատուկ հաշվեհամարին փոխանցել է 180.000 դրամ և ոչ թե 115.000 դրամ, և այդ սխալը թյուրիմացության արդյունք է:
Ինչ վերաբերվում է «ոմանց» և խմբագրության կողմից մատնանշված իբր հավաքված գումարը 265.000 դրամ է և փոխանցվել է 37 մանկավարժների կողմից, ապա կտրականապես հայտարարում ենք, որ դրամական օգնության հավաքագրմանը մասնակցել են դպրոցի 27 աշխատակիցներ և հավաքագրված գումարը կազմում է 180.000 դրամ /դպրոցում պահպանվում է օգնություն ցուցաբերած աշխատակիցների անվանացանկը / և որը անբողջությամբ փոխանցվել է ԱՀ-ի հատուկ հաշվեհամարին:
Խմբագրության ուշադրությունը հրավիրում ենք նաև այն փաստի վրա, որ լրագրողը տեղեկատվությունը փորձել է ստանալ ոչ թե անձնական հանդիպման կամ փաստերը տեղում ուսումնասիրելու արդյունքում, այլ հեռախոսային զանգի միջոցով, որի դեպքում տնօրենը չէր կարող հավաստիացված լինել զանգահարողի լրագրող լինելու հարցում և հենց այդ պատճառով էլ նրան չի տրամադրվել սպառիչ տեղեկատվություն, այլ միայն փաստվել է, որ աշխատակիցների կողմից իրականացվել է նյութական օժանդակություն՝ յուրաքանչյուրն ըստ իր հնարավորությունների և ըստ իր ցանկության:
Քանի որ տարածվել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, ուստի դպրոցի ողջ անձնակազմը անհրաժեշտ է համարում և պահանջում խմբագրության կողմից օրենքով սահմանված կարգով հրապարակել իրական տեղեկատվությունը, որը հնարավորություն կտա վերականգնելու արդարությունը, մարդկանց բարի համբավը: Իսկ դա այնքա՜ն անհրաժեշտ է մեր երկրի զարգացման և դպրոցի հզորացման համար:
Հարգելի՛ խմբագրություն, Ձեզանից ակնկալում ենք մեկ պարզաբանում, արդյո՞ք նյութի հեղինակը չի խախտել «Մամուլի ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի բովանդակային տարրերը՝ առանց օգտատիրոջ համաձայնության նրա անձնական ֆեյսբուքյան կայքէջից վերցնել նեղ անձնական կյանքին վերաբերող նկար ու զետեղել այն ապատեղեկատվական հոդվածում՝ նյութին հնչեղություն տալու նպատակով, ավելին՝ չբավարարվելով դրանով լրագրողը այն տեղադրել է նաև իր անձնական ֆեյսբուքյան էջում և խթանել ապատեղեկատվության տարածմանը:
Կից ներկայացնում ենք վճարման անդորագրի կրկնօրինակը:
Հարգանքներով՝ Գեղամավանի միջնակարգ դպրոցի անձնակազմ: