▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Միրզոյանը հանդիպել է տաջիկ գործընկերոջը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է պաշտոնական այցով եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Տաջիկստանի Հանրապետության Մաջլիսի Օլի Մաջլիսի նամոյանդագոնի նախագահ Շուկուրջոն Զուխուրովի հետ:

Արարատ Միրզոյանը, ողջունելով Շուկուրջոն Զուխուրովին, ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու հայ-տաջիկական հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ ելնելով երկու երկրների փոխադարձ հետաքրքրություններից եւ շահերից: Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունների ձեւաչափում առանցքային դեր է զբաղեցնում խորհրդարանական բաղադրիչը՝ գոհունակություն հայտնելով Հայաստան-Տաջիկստան խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության ակտիվությունից:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Տաջիկստանի պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում:

/filemanager/uploads/Ararat_Mirzoyan.jpg

Շուկուրջոն Զուխուրովը, շնորհակալություն հայտնելով պաշտոնական հրավերի եւ ջերմ ընդունելության համար, նշել է, որ հայ եւ տաջիկ ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված են բարեկամական հարաբերություններ: Նա բարձր է գնահատել Տաջիկստանում հայ համայնքի դերը եւ գործունեությունը: Շուկուրջոն Զուխուրովը հույս է հայտնել, որ մի շարք ոլորտներում հարաբերությունների խորացման մեծ ներուժ կա՝ հատկապես տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ մշակութային երկխոսության շրջանակում:

Կողմերն ընդգծել են երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների դրական դինամիկան եւ հույս հայտնել, որ տնտեսական ներուժը ճիշտ կիրացվի:

Քննարկվել է նաեւ միջազգային տարբեր ձեւաչափերում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության օրակարգը:

Նշենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նույնպես ընդունել է Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուքուրջոն Զուխուրովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել Երևանի և Դուշանբեի միջև քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև երկու երկրների՝ ավանդաբար ջերմ հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ համագործակցության ներկայիս մակարդակը չի համապատասխանում առկա հնարավորություններին, և փոխգործակցության ներուժն իրականում շատ ավելի մեծ է: «Հին հարաբերություններն ու բարեկամությունը վաղը կամ մյուս օրն ավելի են գնահատվելու: Մենք պետք է լրջորեն օգտագործենք մեր ժողովուրդների բարեկամության հիանալի պատմությունը»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Տաջիկստանի խորհրդարանի նախագահը Հայաստանի նախագահին է փոխանցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Նա վստահություն է հայտնել, որ Տաջիկստանի խորհրդարանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան արդյունավետ ներդրում կլինի երկկողմ հարաբերությունների զարգացման ու խորացման գործում: Զուխուրովն ասել է, որ հետաքրքրված են տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմամբ: Նա նշել է, որ հայերը Տաջիկստանում բնակվում են շատ վաղուց և միշտ ակտիվ մասնակցություն են ունեցել երկրի պետական կառավարման համակարգում, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Նախագահ Արմեն Սարգսյանը որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ նշել է կրթությունը, նորագույն տեխնոլոգիաները, ֆինանսներն ու բանկային համակարգը, ինչպես նաև սննդարդյունաբերության ու սննդի անվտանգության ոլորտները: Ըստ նախագահ Սարգսյանի՝ ավելի մեծ բովանդակություն պետք է հաղորդվի համագործակցությանը մշակութային և հումանիտար ոլորտներին, մասնավորապես, անցկացվեն մշակույթի օրեր և իրականացվեն փոխանակման ծրագրեր:

Նախագահ Սարգսյանը հյուրերին ծանոթացրել է նաև նախագահական նախաձեռնություններին և դրանց շրջանակում համագործակցության հնարավորություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more