ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վարչապետի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում քննարկեցին վեթինգի իրականացման գործընթացը և ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումները:
Պաշտոնյաները ներկայացրին, թե ինչ փոփոխութուններ են ենթադրվում դատական համակարգում՝ Դատական օրենսգրքի փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելուց հետո և ինչքանով են համոզված, որ այդ փոփոխությունների արդյունքում էականորեն փոխվելու դատական համակարգի որակն, ու համակարգում միայն բարձրորակ դատավորներն են լինելու համակարգում:
Վարչապետի հարցին՝ ինչպե՞ս են ազատվելու «վատ» դատավորներից, Բադասյանը պատասխանեց, թե ավելի կարևոր է ոչ թե այն, թե ով է լքելու դատական համակարգը, այլ՝ ով է համալրելու, իսկ դրա համար պետք է ստեղծվեն պայմաններ, որ դատական համակարգում աշխատելը գրավիչ լինի:
«Մենք ունենք 244 դատավոր, որոնցից՝ 183-ը՝ Առաջին ատյանի, 44-ը՝ Վերաքննիչ, 17-ը՝ Վճռաբեկ դատարանում: Վերջին երկու տարում թեստավորման փուլը հաղթահարել են 30 անձ, որոնց մի մասը դեռ ուսումնառությունը չի ավարտել, ինչը շատ ցածր թիվ է: Որպեսզի դատական համակարգը մասնագետների համար գրավիչ լինի, առաջին պայմանը արժանի վարձատրությունն է, ինչի ուղղությամբ քայլեր նեն կատարվել: Դատական դեպարտամենտը նաև մեր հորդորով ներկայացրել է միջնաժամկետ ծախսային ծրագրերով դատավորների վարձատրության ավելացման աստիճանական համակարգ, որը ենթադրում է, որ 2020թ. դատավորների աշխատավարձը կբաևձրանա 50 տոկոսով, եթե կառավարության կողմից ընդունվի, 2021թ.՝ 60 տոկոսով, 2022թ.՝ 70 տոկոսով»,-ասաց նախարարը:
Նա ներկայացրեց, որ այսօր Առաջին ատյանի դատավորի աշխատավարձը կազմում է շուրջ 661 000 դրամ, Վերաքննիչ դատարանի դատավորինը՝ 727 000, Վճռաբեկինը՝ 760 հազար, և եթե 2020թ. աշխատավարձի բարձրացումը տեղի ունենա, ապա 2020թ. կկազմի 991 000, 2021թ.՝ 1 միլիոն 57 հազար դրամ, 2022թ.՝ 1 միլիոն 123 հազար դրամ:
Վարչապետն արձագանքեց՝ աշխատավարձի թեման նուրբ թեման է, մանավանդ՝ սոցիալական ծանր վիճակի պայմաններում այն որոշակի տարակուսանքի տեղիք է տալիս.
«Բայց դատավորների աշխատավարձի բարձրացումն արվում է ոչ այնքան դատավորների համար, այլ այն բազմահազար քաղաքացիների համար, ովքեր այսօր վարչապետին, նախարարին, կառավարությանը դիմում են՝ ասելով, թե դատարանում անարդար ձևով են լուծվել իրենց հարցերը»,-ասաց նա:
Հաջորդ քայլը, ըստ նախարարի, թվայնացման գործընթացի արագացումն է: