▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջարկում եմ «քրեական» բառը փոխարինել «քաղաքական»-ով». Թեժ քննարկում ԱԺ-ում ՝ 3 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցով

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

ԱԺ-ն 59 կողմ, 0 դեմ ձայներով համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 59-ը։
Հիշեցնենք՝ Արծվիկ Մինասյանին ու Սեյրան Օհանյանին դատախազությունը մեղադրանք է առաջադրել նույն գործի շրջանակներում, որը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի տարածքում Սեյրան Օհանյանի կողմից հողատարածք ձեռք բերելուն:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝ 

***

***

***

Դիտեք նաև՝

Միգուցե Մինասյանը մոռացել է գրել, որ այդտեղ կուղբերի մի երջանիկ ընտանիք էր ապրում

«Պարոն նախարարն ասում է, որ ես բնապահպանության հարցերով եմ պատասխանու, տեղեկանքում ներառել եմ ծառ, թուփ, թեքություն, միգուցե մոռացել եմ գրել, որ այդտեղ կուղբերի մի երջանիկ ընտանիք էր ապրում, բայց շենքերն իմ հարցը չեն, ով որ շենքերին չի անդրադարձել, գնացեք, նրանց դատեք»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։

Գլխավոր դատախազն ու իշխանական պատգամավորները պնդում են, թե Արծվիկ Մինասյանը՝ որպես բնապահպանության նախարար և միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ կառավարություն ուղարկված փաստաթղթերի փաթեթում չի նշել, որ Սևանի ափին գտնվող հողատարածքը ծանրաբեռնված է ապօրինի շինություններով։

Դիտեք նաև՝

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ջանասիրաբար ինձ էլ է ուզում անձեռնմխելիությունից զրկի, տանի կալանքի։ Ասեմ, որ ես պատրաստ եմ էդ կալանքին, բռնաճնշումներին»,- ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Հիշեցնենք՝ քննարկվում է ընդդիմադիր պատգամավոր, «Սրբազան պայքար» շարժման անդամ Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։
Նշենք, որ Գառնիկ Դանիելյանի ելույթին նախորդել էր ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հարցը՝ գլխավոր դատախազին․ «Ձայնագրությունների խոսակցություններում տարբեր մարդիկ են գնում, գալիս, խոսում, օրինակ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, իսկ Գառնիկ Դանիելյանն էլ խուզարկության օրն ասում է, թե ինքն է վճարում Վազգեն Գալստանյանի կեցավայրի վարձը։

Այսինքն մի վայրի վարձ, որտեղ ահաբեկչություն է կազմակերպվում, տալիս է պատգամավորը։ Ի՞նչ է անում դատախազությունն այս հանգամանքների բերումով։ Ես ինձ անվտանգ չեմ զգում՝ ԱԺ դահլիճում տեսնելով մարդկանց, որոնք այս խոսակցության մասնակից են եղել»,- ասել էր Հովհաննիսյանը։

Վարդապետյանը նշեց, որ Գառնիկ Դանիելյանի մասով դատախազությունում պատրաստված միջնորդագիր դեռևս չկա, բայց եթե վարույթի շրջանակներում պարզվի որևէ անձի մասնակցություն նման տեսակի գործողությանը, դատախազությունն օր առաջ գալու է ԱԺ։

«Քննությունն ինտենսիվ առաջ է գնում, մեծ քննչական խումբ է աշխատում, չի բացառվում, որ էլի անձինք լինեն, որոնց վերաբերյալ մեղադրանքներ և ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցներ կունենանք»,- ասաց Վարդապետյանը։

***

«Սա ակնհայտ բռնաճնշում է, հրահանգով կարված քրեական գործ»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին վերագրվող մեղադրանքին։ «Գիտենք՝ այս ամբիոնից ինչ է ասել (Նիկոլ Փաշինյանը-խմբ.), ասել է՝ կտանեմ ձեզ ԱԱԾ պադվալներ կլցնեմ։ Այս ամենը դրա շրջանակներում է։ Չեմ զարմանա, որ մի քանի նիստ հետո բերեք ու ընդդիմադիր լինելը քրեականացնեք»,- նշեց Դանիելյանը՝ կրկնելով, որ Արծվիկ Մինասյանի գործը քաղաքական հետապնդում է և որ նա բացառիկ հայրենասեր ու անկաշառ գործիչներից է։
Խոսքն ուղղելով ՔՊ-ական պատգամավորներին՝ Դանիելյանը հարցրեց․ «Ձեր արածից ձեզ լավ եք զգո՞ւմ, որ ձեր գործընկերներին տանում եք կալանքի։ Սա կոնկրետ հարձակում է «Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա»։

***

«Դուք պետք է վախենաք այն ժամանակ, երբ մարդիկ սկսեն խոսել, թե հարցերը պետք է լուծել Նիկոլի ձևով, ձեր ձևով»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ խոսքն ուղղելով ՔՊ-ական պատգամավորներին․ «Ահաբեկչությունը ձեր ձևն է, ֆիզիկական խոշտանգումները ձեր ձևն է, հոգեբանական բռնությունն էլ է ձեր ձևը»,- ասաց Մկրտչյանը, ապա, խոսքն ուղղելով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, նշեց․ «Ես անգամ իմաստ չեմ տեսնում ձեզ հորդորելու, որ տեսնեք, թե ինչ է տեղի ունենում ձեր քթի տակ։ Ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը, ինչ կարող էր տեղի ունենալ իրավաբանի հետ, դուք Նիկոլի, իշխանազավթի իրավաբանն եք դարձել»։

***

Շարունակվում է ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն, իսկ նույն խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերն են։ Նախորդ շաբաթ ներկայացվեցին Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի միջնորդագրերը, այսօր կներկայացվի Արթուր Սարգսյանի միջնորդագիրը և տեղի կունենա քվեարկություն։

***

«Լևոն Քոչարյանն ասում է, որ մի մարդ է որոշում՝ ով նստի, ով՝ ոչ։ Բա որ էդ մի մարդն է որոշում, ձեր հայրն Էգեյան ծովում ի՞նչ գործ ունի»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ նկատի ունենալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նրա խոսքով՝ «Պատիվ ունեմ»-ի կողմից «հիմար խոսույթ» է գեներացվում, թե իբր Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ Ռոբերտ Քոչարյանը չնստի, քանի որ «լավ» ընդդիմադիր է․ «Իսկ Սերժ Սարգսյանն ազատության մեջ ի՞նչ գործ ունի։ Երբ մեզ տեսնում են փողոցում, առաջին հարցն այն է, թե Քոչարյանն ու Սարգսյանը ինչի՞ նստած չեն։ Մատի փաթաթան են սարքել վարչապետի այն խոսքը, թե չկա մի դատավոր, որ իր ասածը չի անի։ Այդ օրը հարթակից վարչապետը պատմում էր, թե ոնց են իրեն գրում, զանգում, ասում, թե ինչի՞ Քոչարյանը նստած չէ, ինչի՞ Սաշիկի տղային բաց թողեցիք, վարչապետն ասել է. «Ինչի կա՞ նենց դատավոր, որ իմ ասածը չի անի, բայց ես ինձ թույլ չեմ տալիս, որովհետև չեմ ուզում ցածրացնել հեղափոխության բովանդակությունը»։ Ու այս 7 տարվա մեջ կտրել են այդ նախադասության սկիզբն ու թափահարում են»,- ասաց Ղազարյանը։

***

ԱԺ-ում քննարկվում է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը։ Խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը առաջարկով հանդես եկավ՝ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին․ «Առաջարկում եմ «քրեական» բառը փոխարինել «քաղաքական»-ով։ Թող ստացվի, որ Արծվիկ Մինասյանը պետք է ենթարկվի քաղաքական հետապնդման։ Այդ դեպքում վերնագիրը լիարժեք կհամապատասխանի բովանդակությանը»,- ասաց Թադևոսյանը՝ հավելելով, որ նման փոփոխության դեպքում կողմ կքվեարկի միջնորդությանը։ Թադևոս Ավետիսյանը, անդրադառնալով քաղաքական հետապնդումներին, ասաց․ «Ստացվում է՝ ով չի հետևի «հանգիստ տեղը նստելու» իշխանական հորդորին, իր տեղը կգտնի, իր կամքից անկախ, այլ հանգիստ պայմաններում, բայց՝ ՔԿՀ-ներում»:
Հիշեցնենք՝ Արծվիկ Մինասյանին ու «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին դատախազությունը մեղադրանք է առաջադրել նույն գործի շրջանակներում, որը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի տարածքում Սեյրան Օհանյանի կողմից հողատարածք ձեռք բերելուն: Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ նա տարբեր տարիների ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող գույքը, մասնավորապես Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը։
Արծվիկ Մինասյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ նա չարաշահել է իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները։ 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնը, ի պաշտոնե հանդիսանալով ՀՀ բնապահպանության նախարարության կառավարմանը հանձնված «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի տեղակալ, ինչպես նաև՝ հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, տեղեկացված լինելով, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը, 2010-2015 թվականների ընթացքում ապօրինի զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեի 10526 քմ մակերեսով հողատարածքը և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում հիշյալ տարածքում ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ, միջոցներ չի ձեռնարկվել նշված իրավախախտումների հետևանքները վերացնելու, համապատասխան անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ: Հակառակը՝ Սեյրան Օհանյանի կողմից վերոնշյալ տարածքը զավթելու և այնտեղ ինքնակամ շենք-շինություններ կառուցելու փաստը քողարկելու, անշարժ գույքի տիրապետմանն ու օգտագործմանն օրինական տեսք տալու նպատակով միջոցներ է ձեռնարկել դրանց նկատմամբ Սեյրան Օհանյանի կողմից որոշված, նրա հետ փոխկապակցված անձի անվամբ կառուցապատման իրավունքի տրամադրման ուղղությամբ, որի արդյունքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված անձի միջև կնքվել է պետական սեփականություն հանդիսացող՝ հիշյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր և այդ կերպ փաստացի ապահովվել է Ս. Օհանյանի կողմից նշված անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more