▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկում եմ արձան կանգնեցնել՝ զինադադարի կնքումից հետո զոհված բոլոր տղաների հիշատակին

Մամուլում մեր զոհաված զինովրի հուղարկավորության լուրն էի կարդում ու մտածում էի, թե ինչքան ոսկի տղաներ կորցրեցինք այս տարի, անցած տարի, նախանցած տարի... 94-ի մայիսից հետո։ Նրանք մի տեսակ անարդարացիորեն մոռացվում են։ Այնպես չէ, որ մեր մոտ ազատամարտիկներին գլխի վրա դրած են ման տալիս ու ես ցավով եմ սա ակնարկում, բայց զինադադարի կնքումից հետո զոհված տղերքն անգամ այդ ֆորմալ կարգավիճակը չունեն ազատամարտիկի և պետության համար հիմա զուտ վիճակագրություն են։

Ինչո՞ւ։ Ինչո՞ւ պետք է թույլ տանք, որ 94-ից հետո զոհված հարյուրավոր տղաները մնան անանուն։ Ֆեյսբուքի ու սոցցանցերի զարգացումը բերեց նրան, որ վերջին երկու տարում հասարակությունը դեմքով ու անունով ճանաչեց իր նոր հերոսներին, որոնցից շատերը ցավոք էլ մեր հետ չեն, բայց մի՞թե սա բավական է։ Նույն այդ ժամանակամիջոցում առնվազն երկու հանրային բուռն ընդվզումներ եմ հիշում՝ կապված արձանների հետ՝ քաղաքապետարանի կավե արձանները և իհարկե Միկոյանի արձանի պատմությունը...

Առաջարկում եմ Երևանի Կենտրոնում՝ մարդաշատ պուրակներից կամ էլ հրապարակներից մեկում արձան կանգնեցնել՝ զինադադարի կնքումից հետո զոհված բոլոր տղաների հիշատակին, որը հարգանքի ու հիշատակի սիմվոլիկ ու փոքրիկ տուրք կլինի վիճակագրություն դառած տղաների հիշատակին, ովքեր անգամ ազատամարտիկի ու պատերազմական գործողությունների մասնակցի կարգավիճակ չունեցան։ Վստահ եմ, նման արձան կանգնեցնելու դեմ նույնիսկ վերջին Սաքունցի խիղճը չի տանի, որպեսզի հանդես գա նման նախաձեռնության։

Ֆինանսական առումով էլ չեմ կարծում, որ այնպիսի մեծ մի բան է, որ խեղճացնի մեր բյուջեն։ Հենց բյուջեն, որովհետև իր զինվորներին ու նրան հիշատակին տեր պետք է կանգնի հենց պետությունը, ոչ թե անհատ բարերարները։ Թող մի այդպիիսի բան անեն։ Ամեն օր մեզ ասում են, որ ամենամեծ մեր ձեռքբերումը Արցախի հաղթանակն է, բայց գրեթե ոչ մի հուշարձան չունենք՝ նվիրված այդ հաղթանակը կերտողներին ու առավել ևս՝ այդ հաղթանակը պահողներին, որ տարիներ անց սերունդներին փոխանցի այդ հիշողությունը։ Ու հանուն դրա, մի երկու հատ չինովնիկի համար կարելի ա մի տարի ուշ նոր ծառայողական ավտոմեքենա գնել, կամ էլ մի երկու աննպատակ գործուղումների քիչ ուղարկել։

Հ.Գ. Ահա այդպիսի մի քանի հուշարձանների նմուշներ, որոնք ֆանտաստիկ ազդեցիկ են ըստ իս։

Կոնստանտին Տեր-Նակալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more