ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 25-ին պետական շահերի պաշտպանության գործով հերթական վճիռն է կայացրել հօգուտ դատախազության։
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարանը` նախագահությամբ դատավոր Ռ. Ավագյանի, քննելով հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ի, երրորդ անձ՝ կադաստրի կոմիտեի՝ կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վճռել է դատախազության հայցը բավարարել՝ «Սոգլասիե Արմենիա» ընկերության սեփականության իրավունքը Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասի կառուցապատման համար տրամադրված 2859.4 քմ մակերեսով հողամասի նկատմամբ և որպես հետևանք այդ մասով անվավեր ճանաչել կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ կառուցապատման համար տրամադրված 2859.4 քմ մակերեսով հողամասը վերադարձնել Երևան համայնքին:
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, այն է՝ արգելել պատասխանող «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը կատարելու գործողություններ, որոնք կհանգեցնեն Երևանի Արամի 32 հասցեում գտնվող «Սոգլասիե Արմենիա»-ին պատկանող չկառուցապատված 2859.40 քմ մակերեսով հողամասի սեփականատիրոջ փոփոխությանը, պահպանել մինչև վճռի կատարումը, որից հետո այն՝ վերացնել:
Նշենք, որ խոսքը Երևանի կենտրոնում գտնվող «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասի մասին է, որն ըստ դատախազության` մասնավորեցվել է օրենքի խախտմամբ: «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ-ի սեփականատերը Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանն է։