▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապօրինի հարստությունը վերադարձնելու գործում պետք է ներգրավել աշխարհասփյուռ հայությանը. Քոչարյան

ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ ապօրինի հարստության վերադարձի խնդրին:

«Ապօրինի ծագում ունեցող ունեցվածքի վերադարձին զուգահեռ պետք է լրջորեն զբաղվել ՀՀ-ից դուրս հանված ակտիվների վերադարձի խնդրով»,- ասաց Քոչարյանը: Նրա խոսքով՝ վստահաբար կարելի է ասել՝ հսկայական ծավալների ակտիվներ դուրս են բերվել Հայաստանի տարածքից դեպի Եվրամիության երկրներ, Ռուսաստան, Արաբական Էմիրություններ և ԱՄՆ:

«Օտարերկրյա պետություններում տեղակայված ապօրինի հարստությունների վերադարձը պետական բյուջե պետք է դարձնել համընդհանուր օրակարգի հարց՝ ներգրավելով ՀՀ քաղաքացիներին և աշխարհասփյուռ հայությանը, քանի որ խնդիրը համակարգային լուծում է պահանջում: Անհրաժեշտ են հստակ պլանավորված գործողություններ, որոնք նախ և առաջ պետք է ուղղված լինեն այդ ակտիվների տեղակայումը բացահայտելուն: Այնուհետև պետք է ուսումնասիրել և պարզել ՀՀ համար առավել բարեպաստ օրենսդրություն ունեցող երկիրը և թիրախավորել այդ իրավազորությունները: Այս պարագայում անգնահատելի է միջազգային համագործակցությունը, որը կարելի է օգտագործել բավական արդյունավետ ձևով»,- ասաց նա: Ըստ պատգամավորի, օրինակ, Եվրամիության մի երկրում վարույթ հարուցելով՝ այն ճանաչվում է Եվրամիության մյուս պետությունների կողմից, և վերջինները պարտավոր են համագործակցել վարույթ հարուցած երկրների հետ:

Քոչարյանի խոսքով՝ պետք է ուսումնասիրել ՀՀ կողմից վավերացված միջազգային համաձայնագրերի էությունը: «Միջազգային համագործակցությունը թույլ է տալիս առավելագույնս օգտագործել սահմանված լծակները: Դրանից հետո անհրաժեշտ է անհապաղ ձեռնամուխ լինել ՀՀ տարածքից դուրս գտնվող ակտիվների սառեցմանը և վերջապես վերադարձմանը»,- հավելեց նա՝ նշելով, որ պետական բյուջե պետք է վերադարձնել այն ամենը, ինչ պատկանում է ժողովրդին ու երկրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more