Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված 2 մեղադրանքներից ոչ մեկը։ Այսօր` հոկտեմբերի 30-ին, Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստին իր ցուցունքում Սամվել Բաբայանը նշեց, որ որևէ առնչություն չունի «Իգլայի» հետ:
Սամվել Բաբայանի խոսքով՝ ինքը չէր կարող դրդիչ լինել, քանի որ 5 տարի բացակայել է հանրապետությունից, ինչպես նաև ապացուցելու է, որ այս ենթադրյալ Իգլան Վրաստանից չի ձեռք բերվել, կասի, թե ում գարաժից է և ումն է եղել։
«Ես չեմ գտնում, որ էդ հրթիռը Թբիլիսիից են բերել, ես ձեզ ապացուցելու եմ, թե ում գարաժից է դա եւ ում է պատկանում»,-նշեց Բաբայանը։
Նա նշեց, որ մարտի 18-ին իր մոտ է գնացել գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ցույց տվել պլանշետում առկա «Իգլայի» խողովակի լուսանկարը և հարցրել՝ ինչ վիճակում է այն, հնարավոր է, որ պետք գա բանակին։ Սամվել Բաբայանը նշել է, որ դա ամբողջական չէ, ընդամենը «տրուբա» է, կարևոր մասնիկը բացակայում է։
Սամվել Բաբայանը չընդունեց նաև իրեն առաջադրված՝ փողերի լվացման մասին հոդվածը։ Նա նշեց, որ իրեն Վասիլը գումար է պարտք եղել՝ 35 հազար դոլար, որի մի մասը եվրոյով է վերադարձրել, սակայն եվրոները ներկված են եղել։ Նա փորձել է պարզել՝ հնարավո՞ր է դա մաքրել, թե ոչ, թե՞ փոխանակման կետում կարելի է փոխանակել։ Նա եւս մեկ անգամ նշեց, որ մեղավոր չի ճանաչում իրեն և դիմելով դատախազին՝ ասաց. «Քո հեռախոսն էլ որ լսեմ, 100 հատ հոդված կդնեմ վրադ»։