▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անուղղելիները - 2

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Այս շարքիս իմաստը ոչ թե պոպուլիզմն է, ոչ թե ինչ որ սենսացիոն բացահայտումներ անելը (առավել ևս, որ ասածներիս մեծ մասը պոլիշինելի գաղտնիքն է), ոչ էլ ընդդիմադիր տրամադրություններ հրահրելը։ Ես անգամ այս փուլում նպատակ չունեմ այս ոչ այնքան հաջող մարդկանց անցյալը քննելու ու պատասխանատվության կոչելու։ Միակ բանը, որ ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ մեր պետական համակարգում կան պարզապես անուղղելի կերպարներ, որոնց անգամ պատերազմը չի շտկում։

Հարգելի գեներալ լեյտենանտ Հայկազ Բաղմանյան, ես սկզբունքորեն որոշել եմ, որ մինչև այս ամենը չավարտվի, բանակի խնդիրները արծարծելու եմ շա՜տ սահմանափակ, որովհետև ինչպես պարզվեց, կան խնդիրներ, որոնք շարքային-պայամագրայինից մինչև գեներալ են ձգվում, երկրորդն էլ, չի կարելի պատերազմի պայմաններում հրամկազմի վրա չափազանց նեգատիվ սևեռվել, առավել ևս, որ նրանք կարող են ընթացքում ռեաբիլիտացվել։ Սակայն դուք՝ այլ հարց եք ու կարծում եմ, որ դուք ռեաբիլիտացվողը չեք։

Պարոն Բաղմանյան, դուք հավանաբար ոգեշնչվել եք մագնատ-զորավար Մարկոս Կրասսոսի օրինակից, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ Մարկոս Կրասսոսը հարստացել էր ու նոր էր միայն զորահրամանատար դարձել։ Հարստությունը ցուցադրելն էլ նորմալ էր Հին Հռոմում, բայց ոչ նոր Հայաստանում, առավել ևս, երբ դուք գեներալ ես։ Ընդհանրապես, մեր իրականության պայմաններում, մեծահարուստ գեներալ ասվածին պետք է այսքանից հետո գնդակահարել առանց դատ ու դատաստանի։ Որ ռեպորտաժը նայում ենք առաջին գծից, որոնց մեջ մեր տանկերն են, նմուշի համար մի հատ տանկ չտեսանք, որ դինամիկ զրահ ունենար, որը ամենապրիմիտիվ ու մատչելի պաշտպանական համակարգերից է տանկերի համար և էապես մեծացնում է կառավարվող հակատանկային հրթիռներից ու հակատանկային նռնականետներից խոցվելու հավանականությունը։ Իսկ դուք փաստորեն Պանամերա Պորշե ունեք, որը Ձեր ունեցվածքի ամենաչնչին մասն է ու կարծես թե չեք էլ շտապում շռայլ կյանքին վերջ տաք։

Պարոն գեներալ, Արցախում ես միանգամից մի քանի տարբեր աղբյուրներից լսեցի, որ դիրքեր դուք գնացել եք մի քանի մեքենաներից բաղկացած շարասյունով, որի մեջ երկու մեքենա թիկնապահ կար։ Պարոն գեներալ, ես որքան հիշում եմ, զինվորական երդում տալուց, երդվում էի նաև պաշտպանել վերադաս հրամանատարներին, այդ թվում նաև Ձեզ ու Ձեր նմաններին։ Ուզում եմ հասկանալ, դուք այդ երդումը տված հազարավոր զինվորներին չէիք վստահում, իսկ քաղաքացիական թիկնազորին վստահում էի՞ք․ քանի կոպեկ արժեն գեներալական Ձեր էպոլետներն ու էթիկետն այդ դեպքում։ Ի դեպ, ասում են հենց ադրբեջանական ԱԹՍ է հայտնվել տեսադաշտում, առաջինը Ձեր թիկնապահներն են փախել։

Սակայն այդ ամենը ես չեմ տեսել, ուստի կարող եք հերքել, որպես ստոր հերյուրանք։ Սակայն ես իմ աչքով տեսել եմ, որ դուք Ստեփանակերտում էիք երեկ չէ առաջի օրը գիշերվա 4-ի կողմերը ու Ձեր ծառայողական ճոխ մեքենան կայանված էր Ստեփանակերտի լավագույն հյուրանոցներից մեկի առջև․․․ Դուք նորմա՞լ եք համարում, որ Ձեր զինվորը գիշեր-ցերեկ խրամատներում է, ձեր սպաները գիշեր ցերեկ խրամատներում ու գետնափոր հրամանատարական կետերում են, իսկ դուք բավականին ճոխ հյուրանոցում։

Ես կարծում եմ, որ դուք անուղղելի եք, որովհետև դուք ձեր վարքով ու նիստուկացով ամեն օր ցուցադրում եք, թե ինչպիսին չպետք է լինի հայ սպան ու առավել ևս հայ գեներալը և չդադարեցիք անել դա, նույիսկ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների պարագայում։ Ապացուցեք, որ ես սխալվում եմ և ես հրապարակայնորեն ներողություն կխնդրեմ։

Շարունակելի․․․

Կոնստանտին Տեր-Նակալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more